Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն ու հոգեկան առողջության խնդիրներ ունեցող երեխաների հետ աշխատող մասնագետներն ահազանգում են` Նինոծմինդայի մանկատանն իրավիճակը մնում է մտահոգիչ:
Նրանք կոչ են անում կառավարությանը` արդյունավետ քայլեր ձեռնարկել` երեխայի իրավունքների պաշտպանության միջազգային ստանդարտներն ու սկզբունքները հաշվի առնելով, ողջունում են երեխաներին փակ հաստատությունից հանելու` դատարանի որոշումը, գտնում են, որ հարկավոր է մնացած անչափահասներին ևս հանել ինտերնատից, նրանց համար անվտանգ միջավայր ապահովել:
20 անչափահաս լքել է Նինոծմինդայի մանկատունը
Վրաստանի առողջապահության նախարարության ներկայացուցչի խոսքով ՝ այս փուլում Նինոծմինդայի մանկատունը լքել է ևս 20 շահառու` այդ թվում հաշմանդամություն ունեցող 7 երեխա: Անչափահասների համար այլընտրանքային խնամքի ծառայություններ են նշանակվել: Խոսքն ընտանեկան տիպի մանկատների մասին է, կամ խնամատար ընտանիքների: Այս փուլում որոշ երեխաներ ուղարկվել են կենսաբանական ընտանիքներ: Տարբեր իրավիճակներում սոցաշխատողները գործում են անհատական մոտեցմամբ, տեղում գնահատվում է իրավիճակը, փորձ է արվում երեխաներին զերծ պահել վնասից, պահպանել նրանց հիմնարար իրավունքները` հաղորդում են գերատեսչությունից:
Դատարանի որոշումը
«Համագործակցություն հանուն մարդու իրավունքների» (PHR) իրավապաշտպան խումբը հունիսի 5-ին հայտարարեց, որ Թբիլիսիի քաղաքային դատարանը որոշում է կայացրել` անհապաղ տանել երեխաներին` Նինոծմինդայի մանկատնից: Կազմակերպությունը հունիսի 4-ին միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ պահանջելով որպես անվտանգության միջոց` բոլոր երեխաներին անհապաղ դուրս բերել տուն-ինտերնատից: Դատավորը միջնորդությունը մասամբ է բավարարել: Վրաստանի պատրիարքարանը հայտարարել էր դատարանի որոշումը բողոքարկելու մտադրության մասին:
Ինչ է կատարվել
Մայիսի 7-ին ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեն Վրաստանի իշխանություններին հանձնարարեց մոնիթորինգ անել Վրաց ուղղափառ եկեղեցու կառավարման տակ գտնվող` Նինոծմինդայի երեխաների տուն-ինտերնատում:
Եկեղեցին օմբուդսմենին և նրա ներկայացուցիչներին թույլ չէր տվել մուտք գործել մանկատուն: Բացի այդ` հունիսի 2-ին Հանրային պաշտպանը հայտարարեց, որ Նինոծմինդայի տուն-ինտերնատի հետ կապված 2016-2021 թվականներին չորս հետաքննություն է տարվում: Դրանցից մեկը կապված է հնարավոր բռնաբարության, իսկ մյուս երեքը՝ երեխաների նկատմամբ բռնության հնարավոր դեպքերի հետ:
Ըստ առկա տեղեկությունների` պանսիոնատում բնակվում է շուրջ 150 երեխա: Հանրային պաշտպանի` 2015 և 2018 թվականների զեկույցներում նշվում է, որ ի թիվս պանսիոնատի այլ խնդիրների, վերհանվել են «դաստիարակության խիստ ոճը և սոցիալականացման բացակայությունը»: Սարկավագներից մեկը նույնպես հաստատել է երեխաների նկատմամբ խիստ վերաբերմունքի փաստերը:
Նինոծմինդայի տուն-ինտերնատի մասին լրատվամիջոցներում բարձրաձայնելուց հետո խնամակալության պետական գործակալությունը հայտարարեց, որ սոցիալական աշխատողներին կթույլարտվի մուտք գործել հաստատություն: Սակայն մայիսի 19-ին Հանրային պաշտպանը հայտարարեց, որ աշխատակիցներին կրկին հրաժարվել են ներս թողնել:
Ըստ հանրային պաշտպանի գրասենյակի` այս փաստը ցույց է տալիս, որ պետությունը չի կատարում ՄԱԿ-ի կողմից իր վրա դրված պարտավորությունները:
Լուսանկարը` ՆՈՐ ռադիոկայանի