Վրաստանի հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջության կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն ասում է, որ հուլիսից երկիրը պետք է անցնի կորոնավիրուսի դեմ մասսայական պատվաստման փուլի:
Հուլիսից օրական 20-25 հազար մարդ պետք է պատվաստվի: Ներկայումս այդ թիվը 5-6 հազար է: Հաջորդ վեց ամիսների ընթացքում օրական 20-25 հազար մարդու պատվաստման դեպքում երկիրը կկարողանա հասնել 700 հազար մարդու պատվաստման նպատակին:
Գամկղրելիձեն ասել է, որ իրենք պատրաստվում են այդ «բարդ, բայց շատ անհրաժեշտ խնդրին»:
Ըստ վարակաբանի` համաճարակային իրավիճակը կայունացել է, սակայն սա զգոնությունը կորցնելու պատճառ չպետք է լինի:
Հուլիս-հոկտեմբեր ամիսներին Վրաստանը ավելի քան 3 միլիոն չափաբաժին պատվաստանյութ կստանա: Մինչ հիմա 315 հազար դոզա է ստացել: Վրաստանը ամռանը սպասում է նաև ԱՄՆ-ից մի քանի տասնյակ հազար բաժին պատվաստանյութի: Մասնագետը չի կոնկրետացրել` ամերիկյան արտադրության որ տեսակի պատվաստանյութն է ԱՄՆ-ն տրամադրելու: