Ռուս զբոսաշրջիկները պետք է հաշվի առնեն «օկուպացված տարածքների մասին» օրենքը․Աբաշիձե

 

«Վրաստան այցելող օտարերկրյա  զբոսաշրջիկները պետք է հաշվի առնեն «օկուպացված տարածքների մասին» օրենքը»: Այսպես է արձագանքել Վրաստանի վարչապետի ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ բանագնաց  Զուրաբ Աբաշիձեն՝ մեկնաբանելով Ռուսաստանի զբոսաշրջության դաշնային գործակալության («Ռոստուրիզմի»)  կողմից արված  հայտարությունը։ Հիշեցնենք՝ գործակալությունը տեղեկացրել է, որ Վրաստան մեկնող ռուսներին մշտապես պետք է զգուշացնել հնարավոր վտանգների մասին։

«Այս տարի Վրաստանը ռեկորդային թվով զբոսաշրջիկներ է ընդունել, որոնց թվում մեծ տեղ են զբաղեցրել հատկապես Ռուսաստանի քաղաքացիները: Մեր կառավարությունը խելամիտ քաղաքականություն է վարում զբոսաշրջության զարգացման համար՝ ստեղծելով հարմար և անվտանգ պայմաններ»,-ասել է Աբաշիձեն՝ նշելով, որ, սակայն, զբոսաշրջիկները պետք է հաշվի առնեն Վրաստանի օրենքները, մասնավորապես «օկուպացված տարածքների մասին» օրենքը:

ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ բանագնացը նաև ավելացրել է, որ այս տեսանկյունից զիջումներ չեն լինելու։

«Համամիտ եմ այն հայտարարությունների հետ,  ըստ որոնց արտասահմանյան զբոսաշրջիկները Վրաստանում պետք է ունենան բժշկական ապահովագրություն, որպեսզի խուսափեն ավելորդ խնդիրներից»,-նշել է Աբաշիձեն:

Հիշեցնենք՝ «Ռոստուրիզմը»  Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության խորհրդով կոչ է արել զբոսաշրջային կազմակերպություններին Վրաստան մեկնող  քաղաքացիներին զգուշացնել  հնարավոր վտանգների մասին՝ պարզաբանելով, որ դիվանագիտական հարաբերությունների բացակայության  պայմաններում առաջացած խնդիրները շատ դժվար են լուծում գտնում:

Թողնել պատասխան