Վրաստանում պաշտոնական այցով գտնվող Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալին հյուրընկալել է Իրակլի Ղարիբաշվիլին: Երկկողմ հանդիպումից հետո անցկացվել է մամուլի ասուլիս։
«Ուկրաինան ու Վրաստանը ունեն չափազանց շատ մարտահրավերներ և շատ ընդհանուր շահեր: Իհարկե, մենք ունենք ընդհանուր մարտահրավերներ և խնդիրներ, ինչպիսիք են Ռուսաստանի կողմից սպառնալիքը և բռնազավթման ծանր հետևանքները: Ես իմ գործընկերոջ հետ արտահայտեցի իմ անհանգստությունը Ուկրաինայի սահմանների երկայնքով և ժամանակավորապես գրավված Ղրիմում Ռուսաստանի ռազմական ակտիվացման կապակցությամբ: Ես վերահաստատեցի մեր ուժեղ աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը: Մեր հանդիպման հիմնական հարցը մեր ձգտումն էր դեպի Եվրամիություն», — ասել է Վրաստանի վարչապետը:
Ուկրաինայի վարչապետը շնորհակալություն է հայտնել վրաց գործընկերոջը՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցելու համար և Ուկրաինայի անունից նշել, որ իրենք ևս աջակցում են Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը:
«Ուկրաինացի ժողովրդի անունից վրաց ժողովրդին մաղթում եմ խաղաղություն, բարեկեցություն և փոխհամագործակցություն: Այս բարդ, գլոբալ մարտահրավերներում, որոնք հիմնականում կապված են կորոնավիրուսի հետ, իմ այցը Վրաստան առանձնահատուկ կարևորություն ունի: Մենք տեսնում ենք, որ մեր ժողովուրդների միջև հարաբերությունները խորանում է: Մեր երկրների քաղաքացիների և մեր բիզնեսի համար դա շատ կարևոր է: Ուկրաինան և Վրաստանը ռազմավարական գործընկերներ են, և դրանք սոսկ խոսքեր չեն, դրանք հաստատվում են կոնկրետ գործերով, փաստերով և մեր գործընկերությամբ: Մեր ներկայիս հարաբերությունները հիմնված են ընդհանուր նպատակների վրա՝ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու առումով: Համոզված եմ, որ մեր մուտքը ԵՄ և ՆԱՏՕ ընդամենը ժամանակի հարց է: Վրաստանի և Ուկրաինայի կառավարությունները անում են հնարավոր ամեն ինչ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցությանն անհրաժեշտ չափանիշները բավարարելու համար», — ասել է Ուկրաինայի վարչապետը։
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 17-ին Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան հուշագիր ստորագրեցին «Ասոցացված տրիոյի» ստեղծման մասին: