Վրաստանի Հանրային պաշտպան Նինո Լոմջարիայի խոսքով՝ եկեղեցու հովանու ներքո գտնվող Նինոծմինդայի գիշերօթիկ դպրոցում ենթադրաբար բռնաբարության դեպքի առթիվ հետաքննություն է ընթանում:
Ըստ Հանրային պաշտպանի գրասենյակի հայտարարության՝ 2016-2021 թվականներին Նինոծմինդայի մանկական գիշերօթիկ դպրոցից քննչական չորս գործ է հարուցվել, այդ թվում՝ ենթադրյալ բռնության 3 դեպք և ենթադրաբար բռնաբարության մեկ դեպք:
«Հաշվի առնելով հանրության բարձր հետաքրքրությունը՝ մենք ուզում ենք ձեզ տեղեկացնել առկա իրավիճակի մասին, — ասվում է Հանրային պաշտպանի գրասենյակի հայտարարության մեջ՝ ներկայացնելով վերոնշյալ հետաքննությունները, — Այս պահին Հանրային պաշտպանի գրասենյակը չունի մանրամասն տեղեկատվություն ենթադրյալ քրեական փաստերի, ներգրավված անձանց և հանգամանքների, ինչպես նաև ձեռնարկված և ընթացիկ միջոցառումների մասին: Հանրային պաշտպանի գրասենյակն արդեն դիմել է պատասխանատու մարմիններին` հարցը պարզելու համար»:
Ավելի վաղ Լոմջարիան հայտնել էր, որ դատախազությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ Նինոծմինդայի գիշերօթիկ դպրոցի վերաբերյալ մի շարք հետաքննություններ են ընթանում:
Մայիսի 7-ին ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեն Վրաստանի իշխանություններին հանձնարարեց վերահսկել Ուղղափառ եկեղեցու հովանու ներքո գտնվող Նինոծմինդայի մանկական պանսիոնատը՝ պարզելու այնտեղ երեխաների վիճակը:
Նշվում է, որ մինչ այժմ պետական մակարդակով այս հարցին անդրադարձ չի եղել, իսկ եկեղեցին էլ օմբուդսմենին թույլ չի տալիս մուտք գործել պանսիոնատ: