Վրաստանի քաղաքացիների համար սահմանը հատելու կարգը մնում է անփոփոխ. կառավարություն

Վրաստանի կառավարությունում գործող միջգերատեսչական խորհրդի որոշմամբ, հունիսի 1-ից կբացվեն երկրի ցամաքային սահմանները: 

Հունիսի 1-ից Վրաստանի ցամաքային սահմանը հատելու իրավունք կունենան օտարերկրյա այն քաղաքացիները, որոնք՝

  • կներկայացնեն լիարժեք պատվաստման (երկու դեղաբաժին) փաստաթուղթ և PCR թեստի բացասական պատասխան, կամ
  • կներկայացնեն վերջին 72 ժամվա ընթացքում անցկացրած PCR թեստի բացասական պատասխանը, որից հետո անձը պարտավոր է կրկնակի թեստ հանձնել՝ հետագա 72 ժամվա ընթացքում:

Վրաստանի քաղաքացիների մոտ հարցեր են առաջացել, արդյո՞ք նրանք կարող են հատել սահմանը և վերաբերու՞մ է փոփոխությունները նրանց:

Վրաստանի կառավարությունից «Ալիք Մեդիային» հայտնեցին, որ փոփոխությունները չեն վերաբերում Վրաստանի քաղաքացիներին և վերջիններիս համար սահմանը հատելու կարգը մնում է անփոփոխ:

«Ցամաքային սահմանների բացումը վերաբերում է օտարերկրյա այցելուներին: Ինչ վերաբերում է Վրաստանի քաղաքացիների երկրից դուրս գալուն, այս դեպքում անհրաժեշտ է որ նրանք ունենան հատուկ հրավեր, կամ թույլտվություն, ինչից հետո նոր միայն կկարողանան հատել երկրի սահմանը: Վերադարձի հետ կապված որևէ սահմանափակում չկա»,- հայտնեցին կառավարությունից:


Այս հրապարակումը ստեղծվել է ԵՄ-ի աջակցությամբ: Նյութի բովանդակության համար ամբողջովին պատասխանատու է Ալիք Մեդիան, այն կարող է չհամընկնել ԵՄ֊ի հայացքների հետ։