Պատմությունս կարծես շատ անձնական է, բայց և միաժամանակ աշխարհի մարդկության մեծ մասը ապրում է ազատության այս ահավոր սահմանափակումներում։ Կփորձեմ հնարավորինս կարճ ներկայացնել, թե ինչպես սկսեցի 2020 թիվը և ինչպես ավարտեցի այն։
Մարդկությունը բոլորիս աչքի առաջ արագ տեմպերով գնում էր դեպի արհեստական արժեքներով ստեղծված գեղեցիկը՝ մոռանալով, որ իրական գեղեցկությունը առողջ գեղեցիկի մեջ է։ Համամարդկային արժեքները արժեզրկվեցին՝ երկիմաստավորվելով։ Մարդիկ մտածում էին բիզնեսի ու մեծ գումարների մասին, մոռանալով կյանքի առաքելության խորհուրդը։ Մարդկությունը զարգացման սխալ ճանապարհով է գնում և այն էլ մեծ ընթացքով, որի պատճառով էլ ունեցանք այն ինչ ունենք։ Մարդիկ իրենց մեծ գումարներով կարողացան անել այն ինչ ցանկացան։ Նրանք զուրկ են բարոյական և հոգևոր արժեքներից։ Նրանք ունեն մի նպատակ՝ կառավարել աշխարհը։ Անհոգի են ու դաժան։
Փչացրեցին մեր կյանքի որակը, վերցրեցին մեզնից արարելու, երազելու, կատարելագործվելու շնորհը և փոխարենը մեզ վախ տվեցին, վախ մեր կյանքի հանդեպ։ Մարդկային կյանքը կորցրեց արժեքը, մարդիկ դարձան փակ ու անտարբեր։ Հավատքը Աստծո և վաղվա օրվա հանդեպ կորավ։ Մեզ կտրեցին բնությունից, թույլ չտալով շնչել լիաթոք։ Կարոտով եմ հիշում «Կրիայի լիճ » զբոսայգին, որն այնքան մոտ է երկնքին ու այնքան մոտ է մնացել բնականին։ Երեկոները զբոսնում էինք այգում, ապա վերևից դիտում էինք Թբիլիսի քաղաքը գիշերային լույսերի մեջ։ Մեր բոլոր հյուրերի սիրելի վայրն էր դարձել։ Մեզ անգամ հյուր ունենալու մարդկային հասարակ ցանկությունից զրկեցին…
2019 թվականի դեկտեմբերի 26-ն էր, արևի խավարման օր։ Վաղ առավոտյան արթնանալով նախաճաշեցինք և իջանք մեր մեքենայի մոտ, որը կայանված էր մեքենաների համար սահմանված վայրում։ Մոտենալով մեքենային տեսանք դռան ապակին ջարդված։ Գողացել էին այն ամենը, ինչ երեկոյան ամուսնուս հետ դասավորել էինք բեռնախցիկում և սալոնում։ Պատրաստվել էինք Հայաստան գնալու։ Գնել էինք նվերներ և տոնական սեղանի համար միրգ ու բանջարեղեն։ Մեքենայում էինք տեղավորել նաև մեր անձնական հագուստների ծանրոցը։ Ոչինչ չկար, ամենը գողացել էին…
Ես նորից տուն բարձրացա, բացեցի զգեստապահարանս ու … դատարկություն էր, լուռ նստեցի, ինքս ինձ հետ խորհելու կարիք ունեի։ Այդ իրերը ինձ համար զուտ իրեր չէին, դրանք սիրելի ու հարազատ մարդկանց նվերներ էին, որ տարբեր հիշողություններով կապված էին ինձ հետ։ Ինչուները պտտվում էին գլխումս։ Այդ գողոնով նրանք իրենց կյանքում ոչինչ չէին կարողանա փոխել, բայց ես իմ ամանորյա նվերը վերջին անգամ կկարողանայի տալ հայրիկիս։ Անհնար էր հաշտվել այն մտքի հետ, որ առանց նվերների պիտի գնամ ծնողներիս մոտ։
Ամուսինս երեկոյան գլխացավով եկավ տուն։ Ոչինչ չխոսեցինք իրար հետ, միայն ասաց, որ նորից կտա ինձ այն ինչ ունեի ։Ոստիկանական բաժնում, նրանց հարցերին պատասխանելուց հետո մեքենան վարպետի մոտ էր տարել, որ նոր ապակի դնեն։
27-ի վաղ առավոտյան մտանք Նավթուլուղի շուկա, միրգ բանջարեղեն գնեցինք ու ճանապարհվեցինք Հայաստան։
Ամեն անգամ Հայաստան վերադառնալուց, կարծես իմ մանկություն եմ գնում։ Ամեն ճանապարհ իմ կյանքի մի պատմություն է հիշեցնում ինձ։ Ուրախությունս լույսի նման ճառագում էր աչքերիցս։
Տոնական Երևանը գույնզգույն լույսերի մեջ շողշողում էր։ Նոր կյանքի լույս ու հույս կար բոլորի աչքերում։ Երևանը թագավորական արքունիք էր դարձել, հեքիաթային էին զգացողություններս թբիլիսյան առօրիայից հետո՝ հոգիս երգում էր։
Տոնական սեղանը զարդարել էինք հայկական համ ու հոտով։ Փախլավան, որ ես էի պատրաստել, բուրում էր ընկույզի, մեղրի ու դարչինի բույրով։ Խորովածը, որ ծածկված էր լավաշի ծածկոցով, բայց, այնուամենայնիվ, իր ախորժելի բույրով մատնում էր իր տեղը։
Դեռ տոնական հրավառությունը չսկսած, երկրորդ հարկից իջա առաջին հարկ, որ ծնողներիս սեղանի մոտ տանեմ։ Ի զարմանս ինձ, հայրս պառկել էր անկողնում և արդեն քնած էր։ Խնդրեցի, որ արթնացնեն՝ չհամաձայնեցին, ասացին, թե խմել է իր մշտական օգտագործման դեղերն ու քնել։
Անտրամադիր դուրս եկա սենյակից։ Տեսնում էի, որ հայրս էլ առաջվա նման չէ, բայց հոգուս խորքում հույս էի փայփայում, որ կառողջանա։ Մայրս, զգալով մտահոգությունս, դուրս եկավ սենյակից և ասաց, որ վերև բարձրանամ՝ մինչև ինքը գա։
Միշտ փորձել եմ իմ ծնողների համար երջանկություն լինել, բայց հաճախ իմ կամքից անկախ հակառակն է ստացվել։ Իմ ամեն մի անհաջողությունը նրանց աչքով իմ կյանքի մի մեծ փորձություն էր երևում։ Նրանք իմ կյանքի լույսն են, ու ես միշտ մտածում էի հնարավորինս երկար պահել այդ լույսը իմ կյանքում։ Սեղանի մոտ լուռ նստած էի, եթե խոսեի արցունքներ կգային։ Սրտիս տխրության ու անհանգստության մասին չէի ուզում ոչ ոք իմանա։ Այն մարդիկ, ովքեր ինձ կյանք էին տվել, ես չէի կարողանում նրանց կյանքը պաշտպանել մահից։
Խմեցի մեր խաղողի գինին, անհագ խմեցի…
Հունվարի մեկի առավոտյան մեր տանից տասնմեկ հոգով գնացինք քրոջս տղայի ծննդյան տարեդարձին և ամանորը շնորհավորելու։ Շատ գեղեցիկ օր անցկացրեցինք։ Հայրս, մայրս այնքան երջանիկ էին, ուրախացանք, պարեցինք։ Ես երջանիկ էի։ Շնորհակալ եմ Աստծուն, որ իմ կյանքում ունեցել եմ այդպիսի երջանիկ օրեր իմ հարազատների հետ։
Վրաստան վերադառնալուց հետո սկսեցի աշխատանք փնտրել , բայց զուր։ Ամիսներ անց մտցվեցին տեղաշարժի սահմանափակումները։ Ազատ ժամանակը ի օգուտ մեզ օգտագործելու համար որոշեցինք վրացերեն լեզուն սովորել։ Անհամբեր սպասում էինք տարեվերջին, միամտորեն ակնկալում՝ նոր լավ տարի։ Բայց ամենասարսափելին տարեվերջին՝ աշնանը կատարվեց։ Իմ հայրենիքում պատերազմ սկսվեց։ Օրերս նմանվեցին մղձավանջի։Մեր որդիները, հանուն մեր սուրբ հողերի, նահատակվեցին բարբարոս թշնամու ձեռքով։ Խելագարության հասցնող պատերազմ էր …
Աշխարհը լուռ էր ինչպես միշտ է եղել …
Հայրս մահացավ։ Զոհվեց եղբորս որդին։ Սրտումս կյանք չէր մնացել…
Տկարացել ու շաբաթներով ջերմում էի։ Գնացի հայկական եկեղեցի։ Այնտեղ տատիկներ ու մայրեր կային, որ աղոթում ու լաց էին լինում իրենց հարազատների զոհերի համար։ Այդտեղ ծանոթացա ինձ արդեն հարազատ դարձած ընկերուհուս հետ։
Ամբողջ 2020 թվի աշունը ես սրտով չէի ապրել։ Այն ինձ համար ավարտվել էր սեպտեմբերի 27-ով։
Ինձ համար անհասկանալի է այն, թե ինչու՞ է աշխարհը պայքարում համաճարակների ու պանդեմիայի դեմ, բայց չի պայքարում պատճառների կամ դրանց ստեղծողների դեմ։ Եկել է հինը ջնջելու և նորը ստեղծելու ժամանակը։ Այս նոր դարաշրջանում չարիքը ու կեղծիքը տեղ չպետք է ունենան։ Եկեք պայքարենք ոչ թե պանդեմիայի, այլ այդ չարիքները մարդկության համար ստեղծողների դեմ:
Հերմինե Բադալյան, 38 տարեկան
Թբիլիսի
Նախագիծն իրականացվում է ԵՄ-ի աջակցությամբ: Նյութը պատրաստվել է Ալիք Մեդիայի «Կորոնավիրուսային պատումներ» խորագրով նոթերի մրցույթի շրջանակներում: Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել ԵՄ և Ալիք Մեդիայի խմբագրակազմի հայացքների հետ: