Վրաստանի իշխանություններն արձագանքել են Թբիլիսիի կենտրոնում ընթացող ակցիաներին ու «Ռիոնիի կիրճի պաշտպանների» պահանջներին, որոնց կատարելու համար իշխանությանը ժամանակ էին տվել մինչև այսօրվա կեսօր:
Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ ամեն ինչ արել է ՀԷԿ-ին դեմ դուրս եկածներին ու բնակչությանը բավականաչափ տեղեկացնելու համար, իսկ «Վերջնագրերով խոսելը մութ 90-ականներն է հիշեցնում»։
Խորհրդարանի խոսնակ Կախա Կուճավան ևս անդրադարձել է հարցին.
«Ճիշտ չէ վերջնագրերի լեզվով խոսելը: Սա գործին չի օգնի: Ես չգիտեմ, թե ով է ներգրավված հարցում ու որքանով հնարավոր կլինի իր հետ կապ հաստատել, թե կեսօրից առաջ, թե՛ հետո»։
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով, իշխանությունը պետք է շարունակի աշխատել օրենքի ու Սահմանադրության շրջանակներում:
«Մեր դիրքորոշումն է, որ որքան հնարավոր է շատ հիդրոէլեկտրակայան կառուցվի երկրում: Պետք է առավելապես ռացիոնալ կերպով օգտագործել երկրում առկա ռեսուրսները, որպեսզի ես ու մեր համաքաղաքացիները կախված չլինենք Ռուսաստանից, Ադրբեջանից, Թուրքիայից ու Հայաստանից բերվող էլեկտրաէներգիայից»,- ասում է Կալաձեն:
Կալաձեի պնդմամբ, պետք է առավելապես կիրառել երկրի ռեսուրսը, սա եղել է նրա՝ Էլեկտրաէներգետիկայի նախարարի պաշտոնում գործունեության հիմնական ուղղություններից մեկը, ու հպարտ է, որ այդ ընթացքում էլ ավելի շատ ՀԷԿ է կառուցվել:
«Ռիոնիի կիրճի պաշտպանների» պահանջն է, որ «Էնկա» ընկերությունը լքի Ռիոնիի կիրճը, դադարեցվի ընկերության հետ պայմանագիրն ու չեղյալ համարվի 2015-ից առկա ողջ թղթաբանությունը: Նաև, պահանջում են Էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարար Թուրնավայի հրաժարականը, ինչպես նաև նախագծում ուղղակիորեն մասնակցող բոլոր անձանց պատասխանատվության ենթարկելը:
Հիշեցնենք, որ նախօրեին Թբիլիսիի Հանրապետության հրապարակում մեծամասշտաբ ակցիայի ընթացքում «Ռիոնիի կիրճի պաշտպանների» գլխավորությամբ հազարավոր քաղաքացիներ իրենց պահանջները ներկայացրին իշխանությանն ու ժամանակ տվեցին մինչև մայիսի 24-ի կեսօր. պահանջները չիրականացնելու դեպքում` խոստացել են, որ ցույցի մասշտաբները կաճեն ու, հետևաբար, կաթվածահար կանեն ողջ Թբիլիսին, կարգելափակեն բոլոր պետական շենքերի մուտքերը, ոչ ոք տեղաշարժվել չի կարողանա: Այս պահին ցուցարարները շարունակում են մնալ տեղում, նախօրեին վրաններ էին տեղադրել ու գիշերել հրապարակում:
«Ռիոնիի պաշտպանները», կառավարությունն ու թուրքական ընկերությունը