Սկսենք նրանից, որ 21-րդ դարը դեռ շատ կհիշվի հետագա սերնդի կողմից՝ Քովիդ-19-ի շնորհիվ։ Այս ծաղկուն և զարգացման բուռն ժամանակաշրջանում, երբ մարդկությունը նորանոր գիտական բացահայտումների հեղինակ պետք է դառնար, նա պայքարում է քովիդյան այս դժվարանցանելի խնդրի դեմ։ Կյանքն ու մարդկային շփումը տեղափոխվեց օնլայն հարթակ և որքան էլ օնլայն հարթակները լայն հնարավորություններ ընձեռեն՝ ոգևորությունը, մոտիվացիան, հետաքրքիր քննարկումները առերես հաղորդակցության դեպքում լրիվ այլ են։ Իսկ ամբողջ օրը համակարգչի առաջ լինելը, կարծում եմ, ստեղծագործ մտքի վրա այդքան էլ դրական ազդեցություն չի թողնում։
Սակայն մարդկային ոգին՝ հայտնվելով սոցիալական և հոգեբանական ծանր ճգնաժամի մեջ, օժտված է պայքարելու ունակությամբ։ Մեզանից յուրաքանչյուրի վրա կորոնավիրուսը թողեց տարբեր և միևնույն ժամանակ համընդհանուր հետքեր, բայց եկեք չմոռանանք, որ ցանկացած բացասական երևույթի մեջ էլ հնարավոր է փնտրել և հարկավ գտնել դրականը։ Ինչ խոսք, առօրյան լեցուն է քովիդյան ճնշող ազդեցությամբ, այդ իսկ պատճառով պարտքս եմ համարում իմ նոթում հասարակությանը ներկայացնել քովիդի ընձեռած «դրական» հնարավորությունների մասին, որոնք մեզանից շատերը չեն էլ նկատում։
Որպես ուսանող Քովիդ-19-ը առաջնահերթ, իհարկե, իմ դասերի վրա ազդեց։ Առաջին անգամ օնլայն դասի այդ հիշարժան և կարելի է ասել «պատմական» օրն անմոռանալի եղավ իմ կյանքում՝ ինչպես առաջին քայլերս դպրոցում կամ համալսարանում։ Առաջին անգամ օնլայն դասի ժամանակ՝ լինելով երկրորդ կուրսի ուսանող, կարծես առաջին անգամ գնացած լինեի դասի՝ հուզված ու չափազանց շփոթված։
Զումից օգտվել չկարողանալը, խառնաշփոթ վիճակը, անկարողունակության վախն ու տեղեկատվության սակավությունը հաճախ ստիպում են լինել անկանխատեսելի և շարժվել պահի թելադրանքով։ Առաջին օնլայն դասս կարելի է ասել տեղեկատվական էր՝ զում հարթակից օգտվելու վերաբերյալ։ Հնարավոր է ծիծաղելի հնչի, բայց առաջին անգամ դասի մտնելուց ինձ համար կարևորագույն նախապայմանն առանձին սենյակն էր, որտեղից չէր լսվի ինձ մոտ հնչող ավելորդ ձայները, քանի որ տեղյակ չէի ձայնը անջատելու հնարավորության մասին։ Առաջին շաբաթը դասախոսներից ոմանք ֆեյսբուքով էին դասերն անցկացնում, քանի որ նրանք էլ ծանոթ չէին զումին։
Օնլայն դասերը մեզ՝ ուսանողներիս, ստիպեցին ավելի գնահատել համախմբվածությունն ու ընկերությունը, առավել քան երբևէ զգալով միմյանց կարիքը։ Քովիդը առավել բացասական հատկություններով հանդերձ, մեզ տվեց հնարավորություն տան պայմաններում սովորելու և աշխատելու, ավելի կարևորելու տեխնոլոգիան՝ սովորելով նրանից օգտվելու ճիշտ ու մատչելի ձևերը։ Պանդեմիայի «շնորհիվ» որոշ ընտանիքների հաջողել է միասին ավելի շատ ժամանակ անցկացնելն ու էլ ավելի մտերմանալը։ Դրսի ցուրտ և մռայլ եղանակին անխտիր ընտանեկան ջերմ մթնոլորտն էր փրկում, իսկ մայրիկի ուշադրությանն ու քաղցր վերաբերմունքի կարիքը առավել ենք զգում, երբ հեռու ենք լինում։ Անշուշտ, ամենակարևորագույն դրականը ինձ համար դա էր՝ երբ հոգնած համակարգչի առջևից վեր ես կենում ու արժանանում մի հայացքի, որը կարծես ասում է՝ «ես քեզ հասկանում եմ ու քո կողքն եմ»։
Ինքնամեկուսացման օրերին, ազատ ժամանակի պակաս, իհարկե, չենք էլ զգացել, իսկ ես այդ հարկադրված ազատությունը օգտագործել եմ խոհարարության մեջ հմտանալու գործում, մասնավորապես քաղցրավենիքների պատրաստման մեջ։ Ամեն մեկս էլ այդ ազատությունը յուրովի լրացնելով ձեռք բերեցինք որոշակի հմտություններ, որոնց իմացությունը երբեք էլ ավելորդ չեմ համարում։
Իսկ ինչ վերաբերում է պարետային ժամի առկայությունը, անկեղծ ասած իմ կյանքում այնքան էլ որոշիչ դեր չխաղացած՝ առհասարակ երեկոյան ժամերին զբոսնելու սիրահար չեմ, սակայն, այնուամենայնիվ, երբ մարդ զգում է, որ ինչ-որ սահմանափակումներ են դրված և նա իր քայլերում ազատ չէ՝ ինքնըստինքյան ցանկություն է առաջանում անել այն, ինչի մասին չէր էլ մտածել մինչև սահմանափակումները։ Ես ևս բացառություն չկազմելով և պատկանելով վերոնշյալ մարդկանց թվին, կամենում եմ առանց վարակման վախի զբոսնել գիշերային Թբիլիսիում՝ խաղաղ և հաճելի, առօրյա հոգսերից կտրվելու և օրը հիասքանչ ավարտելու միտումով։
Կյանքում ցանկացած նորույթի հարմարվելը անասելի դժվար է, բայց աշխարհը հարմարվեց և ապրեց կորոնավիրուսի թելադրած պայմաններով՝ անհրաժեշտություն առաջացնելով, որ հիշենք և կարևորենք մարդկության կողմից հնչեցված մի անգնահատելի ասվածի՝ «չկա չարիք առանց բարիք» և փորձենք գտնել այն փոքր «բարիքը», որը կարող է պարգևել քովիդ-19-ը։ Եղե՛ք առողջ ու դրական լիցքերով լցված, գտե՛ք կյանքի այն լուսավոր մասնիկը, որը երջանկություն կպարգևի ձեզ։ Ավարտելով իմ նոթը, բոլորիս ցանկանում եմ առողջություն և հորդորում սիրելի ընթերցողիս` հետևել քովիդից պաշտպանվելու կարգուկանոնին՝ չվտանգելով մեր, և մեր սիրելիների կյանքը։
Շողիկ Սիմոնյան
Ծալկա, Դարագյուղ
Նախագիծն իրականացվում է ԵՄ-ի աջակցությամբ: Նյութը պատրաստվել է Ալիք Մեդիայի «Կորոնավիրուսային պատումներ» խորագրով նոթերի մրցույթի շրջանակներում: Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել ԵՄ և Ալիք Մեդիայի խմբագրակազմի հայացքների հետ: