Դմանիսիում մայիսի 16-ին ազգությամբ ադրբեջանցիների և վրացիների միջև տեղի ունեցած ծեծկռտուքից հետո, այսօր նույնպես իրավիճակը շարունակում է լարված մնալ:
Առավոտյան Դմանիսիի գյուղերից ադրբեջանցիները եկել են աջակցություն հայտնելու երեկ տուժած անձանց, ինչից հետո նորից բախումներ են տեղի ունեցել կողմերի միջև:
Մոբիլիզացված ոստիկանությունն ու հատուկ ջոկատայինները կարողացել են բաժանել այսօր առավոտյան տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցներին և Դմանիսիի քաղաքապետի հետ փորձում են իրավիճակը հանդարտեցնել:
Հիշեցնենք, որ նախօրեին Դմանիսիի էթնիկ ադրբեջանցիների և Սվանեթիից եկած էկո միգրանտների միջև վիճաբանությունը վերածվել էր մահակներով ծեծկռտուքի, որին մի քանի տասնյակ մարդ է մասնակցել: Կան տուժածներ: Իրավիճակը լարվել է երեկոյան, պարետային ժամի պայմաններում: Վնասվել է առևտրի կենտրոնը, որի մոտ սկսվել էր առճակատումը: Պատճառների մասին մանրամասներ չկան, Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարություն չի արել: