Ախալքալաքում բնակչության պահվածքը նման է Հնդկաստանի քաղաքացիների պահվածքին. Չխաիձե

Ջավախքում COVID-19-ի դեմ պատվաստումների վերաբերյալ տեղեկատվական հանդիպումներ են սկսվել: Հանդիպումներն անց են կացվում ՄԱԿ-ի Երեխաների հիմնադրամի նախաձեռնությամբ և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ:

Զրույցի հիմնական թեմաներից մեկը Սամցխե-Ջավախեթիում պատվաստումների հետաձգված գործընթացն է: Ըստ մասնագետների, գործընթացի գրեթե երկամսյա կասեցումը պայմանավորված է մի կողմից 28-ամյա բուժքրոջ մահվամբ, իսկ մյուս կողմից` անբավարար տեղեկատվությամբ:

Հանդիպումից հետո Ախալքալաքի Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նարեկ քահանա Տիգրանյանն, ով ներկա էր հանդիպմանն, ասաց, որ «հանդիպումը հետաքրքիր և կարևոր էր»:

Մ. Իաշվիլիի մանկական կենտրոնական հիվանդանոցի բժշկական գծով տնօրենը Ջավախքում տիրող իրավիճակը համեմատեց Հնդկաստանի հետ: Մանկաբույժ Իվանե Չխաիձեն ասում է, որ Ախալքալաքում բնակչության վարքը շատ նման է Հնդկաստանի քաղաքացիների վարքին:

«Հնդկաստանն իրեն պահել է այնպես, ինչպես Ախալքալաքում է այսօր: Նրանց մի մասը վարակվել է, նրանք չեն պատվաստվում և արդյունքը տեսնում ենք բոլորս: Այլ տարբերակ չկա. կա՛մ պետք է պատվաստվել, կա՛մ վարակվել COVID-19-ով: Սա վտանգավոր հիվանդություն է, և մենք բոլորս պետք է վերլուծենք մեր քայլերը», — նշել է Չխաիձեն: