Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեի խոսքով՝ ամենայն հավանականությամբ, հաջորդ շաբաթվանից Վրաստանում կսկսվեն չինական մեկ այլ՝ «Սինովակ» տեսակի պատվաստանյութով պատվաստումները:
Նրա խոսքով՝ «Սինովակը» սպասում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից թույլտվությանը, սակայն Գամկղրելիձեի խոսքով, պատվաստանյութը բավականին լավ նախնական գնահատում ունի Առողջապահության համաշխարհային կազմակերպության գիտական փորձագետների կոմիտեի կողմից:
«Հարցը քննարկվել է Իմունիզացիայի խորհրդի վերջին նիստում: «Սինովակ»-ը երկրորդ չինական պատվաստանյութն է, որով Չինաստանը դուրս է գալիս միջազգային ասպարեզ: Չինաստանը այս պատվաստանյութի 100,000 դեղաբաժին է նվիրել Վրաստանին: Աշխարհում այս պատվաստանյութով արդեն պատվաստվել է ավելի քան 100 միլիոն մարդ՝ ինչպես Չինաստանում, այնպես էլ տարբեր երկրներում: Հետևաբար, այս պատվաստանյութի կիրառումը նախատեսվում է սկսել հաջորդ շաբաթ»,- ասել է Գամկղրելիձեն: