Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն նոյեմբերի 8-ին մեկնաբանել է Օդեսայի նահանգապետի պաշտոնից՝ Միխեիլ Սահակաշվիլիի հրաժարականը: Նա իր պատրաստակամությունն է հայտնել ստորագրել Օդեսայի նահանագապետի պաշտոնից Սահակաշվիլիին ազատելու հրամանագիրը, եթե Կառավարությունը համապատասխան որոշում կայացնի։
Պորոշենկոն հիշեցրել է, որ Ուկրաինայի կառավարությունը Վրաստանի նախկին բարձրաստիճան մի խումբ պաշտոնյաների մի քանի տարի առաջ էր հրավիրել՝ երկրում բարեփոխումներ իրականացնելու նպատակով։
«Նրանցից ոմանք մինչ օրս հաջողությամբ շարունակում են իրենց գործունեությունը: Օրինակ, Ազգային ոստիկանության ղեկավար Խատիա Դեկանոիձեն (Վրաստանի ԿԳ նախկին նախարար-խմբ․): Մի շարք աշխատակիցներ կան նաև հակակոռուպցիոն պայքարի բյուրոյում՝ ի դեմ Ուգուլավայի (Աջարիայի նախկին փոխդատախազ Գիզո Ուգուլավա): Իսկ ոմանք էլ որոշել են փոխել գործունեության ուղղությունը՝ Վրաստանի խորհրդարանական ընտրություններում պարտվելով՝ քաղաքական ակտիվ շարժում են ուզում սկսել Ուկրաինայում»,— Պորոշենկոյի խոսքերն է մեջբերում վրացական «news.ge»-ն՝ հղում անելով ուկրաինական «inforesist.org» պարբերականին։
Հիշեցնենք՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին նոյեմբերի 7-ին հրաժարվեց Օդեսայի նահանգապետի պաշտոնից՝ նշելով, որ իշխանությունները չեն պայքարում կոռուպցիայի դեմ։