Astrazeneca պատվաստանյութով կպատվաստվեն 45+ քաղաքացիները

Վրաստանում Astrazeneca պատվաստանյութով այսուհետ կպատվաստվեն նաև 45 տարեկանից բարձր անձինք: Այս մասին խոսել է Վրաստանի Առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան:

Նրա խոսքով, 45 տարեկանից բարձր անձինք պատվաստման համար գրանցում կանցնեն վաղվանից:

Նշենք, որ Վրաստանում պատվաստման գործընթացը մեկնարկեց մարտի 15-ից՝ միայն բժշկական ոլորտի աշխատողների համար: Ավելի ուշ պատվաստվողների խումբն ընդլայնվեց և պատվաստվել սկսեցին նաև 65 տարեկանից բարձր քաղաքացիները: Ապրիլի 5-ից պատվաստման համար կարող էին գրանցվել նաև 55 տարեկանից բարձր քաղաքացիները:  Պատվաստումն ընթանում է երկու՝ Pfizer և AstraZeneca տեսակի պատվաստանյութով:

Մայիսի 4-ից երկրում մեկնարկեց 18 տարեկանից բարձր քաղաքացիների պատվաստումը չինական «Սինոֆարմ» տեսակի պատվաստանյութով:

Ապրիլի 19-ից Վրաստանում սկսվեց պատվաստման համար համընդհանուր գրանցում:  Առողջապահության նախարարության կողմից հատուկ ստեղծված՝ https://www.moh.gov.ge/covid-chart/register գրանցման հարթակում քաղաքացիներն իրավունք ունեն մի քանի տեսակի (նվազագույնը 1, առավելագույնը՝ 3) պատվաստանյութ ընտրել և դրանց առկայության դեպքում արդեն պատվաստվել: