Այսօր պարետային ժամը կկրճատվի

Վրաստանի կառավարության որոշմամբ` Զատկական տոների հետ կապված միայն մեկ օրով երկրում սահմանված տեղաշարժի արգելքը կգործի մայիսի 1-ի ժամը 23:00-ից մինչև մայիսի 2-ի ժամը 04:00-ն:

Տոնական օրերին փակ կլինեն նաև դեպի գերեզմանատներ տանող ճանապարհներն ու գերեզմանատները: Այս արգելքը խախտելու դեպքում սահմանված է տուգանք` 2000 լարիի չափով: Արգելքը գործում է Վրաստանի ողջ մասշտաբով, կառավարությունից զգուշացրել են՝ վերահսկողությունը խստացված է լինելու:

Պատճառը՝ զատկական տոներին մեծ կուտակումներն են, ինչը կարող է դառնալ կորոնավիրուսի տարածման ևս մեկ հիմք: Երկրում արդեն երկրորդ տարին է՝ զատկական տոներին քովիդի պատճառով արգելքներ են գործում:

Հիշեցնենք` Վրաց Ուղղափառ եկեղեցին այս տարի Սուրբ Զատիկը նշելու է մայիսի 2-ին: Զատկի տոնի հետ կապված` Վրաստանում ապրիլի 30-ից մինչև մայիսի 3-ը ոչ աշխատանքային օրեր են հայտարարված: Ավելի վաղ Վրաստանի կառավարությունը հայտարարեց, որ երկրում մայիսի 4-11-ը կհայտարարվեն ոչ աշխատանքային օրեր: Ելնելով մայիսի 9-ի և 12-ի տոներից` Վրաստանում ապրիլի 30-ից մինչև մայիսի 12-ը ներառյալ կլինեն հանգստի օրեր: