Covid 19-ի դեմ պատվաստման համար 65 844 անձ է գրանցվել

Ապրիլի 30-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստման համար ստեղծված հատուկ հարթակում գրանցվել է 65 844 մարդ: 

Մեծ մասը՝ 62 422 մարդ ցանկացել է պատվաստվել Pfizer տեսակի պատվաստանյութով, որին էլ հաջորդում է Moderna-ն՝ 29168 ցանկություն հայտնող: 12935  քաղաքացի նախընտրում է Աստրազենեկան, 8293-ը՝ Ջոնսոն և Ջոնսոնը, 5579-ը՝ Նովաքսը, 4496 -ը՝ Սինոֆարմն ու 849-ը՝ Սինովակը:

Վրաստանում պատվաստման գործընթացը մեկնարկեց մարտի 15-ից՝ միայն բժշկական ոլորտի աշխատողների համար: Ավելի ուշ պատվաստվողների խումբն ընդլայնվեց և պատվաստվել սկսեցին նաև 65 տարեկանից բարձր քաղաքացիները: Ապրիլի 5-ից պատվաստման համար կարող են գրանցվել նաև 55 տարեկանից բարձր քաղաքացիները:  Պատվաստումն առայժմ ընթանում է երկու՝ Pfizer և AstraZeneca տեսակի պատվաստանյութերով:

Մայիսի 4-ից երկրում կսկսվի 18 տարեկանից բարձր քաղաքացիների պատվաստումը «Սինոֆարմ» տեսակի պատվաստանյութով:

Ապրիլի 19-ից Վրաստանում սկսվեց պատվաստման համար համընդհանուր գրանցում:  Առողջապահության նախարարության կողմից հատուկ ստեղծված՝ https://www.moh.gov.ge/covid-chart/register գրանցման հարթակում քաղաքացիներն իրավունք ունեն մի քանի տեսակի (նվազագույնը 1, առավելագույնը՝ 3) պատվաստանյութ ընտրել և դրանց առկայության դեպքում արդեն պատվաստվել:

Պատվաստման գործընթացն իրականացվում է կամավորական սկզբունքով: Պատվաստվելու համար նախապես պետք է գրանցվել: