Չինական արտադրության «Սինովակ» տեսակի պատվաստանյութի 100 հազար չափաբաժինն արդեն Վրաստանում է։
Վրաստանի Առողջապահության նախարարի խոսքով, երկրում տվյալ պատվաստանյութը կսկսվի կիրառվել այն ժամանակ, երբ այն կճանաչվի ԱՀԿ-ի կողմից: Սինովակ տեսակի պատվաստանյութը կիրառելուց առաջ խորհուրդը քննարկումներ պետք է անցկացնի:
Հայտնի է նաև, որ մայիսի 6-ին Վրաստանը կստանա Աստրազենեկա տեսակի պատվաստանյութի ավելի քան 43 հազար չափաբաժին:
Հիշեցնենք, որ մայիսի 4-ից երկրում կսկսվի 18 տարեկանից բարձր քաղաքացիների պատվաստումը «Սինոֆարմ» տեսակի պատվաստանյութով:
Ապրիլի 19-ից Վրաստանում սկսվեց պատվաստման համար համընդհանուր գրանցում: Առողջապահության նախարարության կողմից հատուկ ստեղծված՝ https://www.moh.gov.ge/covid-chart/register գրանցման հարթակում քաղաքացիներն իրավունք ունեն մի քանի տեսակի (նվազագույնը 1, առավելագույնը՝ 3) պատվաստանյութ ընտրել և դրանց առկայության դեպքում արդեն պատվաստվել: Ապրիլի 30-ի ժամը 11:00 դրությամբ՝ երկրում պատվաստվելու ցանկություն է հայտնել 65, 844 քաղաքացի:
Պատվաստման գործընթացն իրականացվում է կամավորական սկզբունքով: