Վրաց ուղղափառ եկեղեցին նշում է Ավագ հինգշաբթին

Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը Սուրբ Զատկին նախորդող Ավագ հինգշաբթի օրը լվանում է 12 հոգևորականների ոտքերը:

Պատրիարքը ոտնլվայի ծեսը կկատարի Սուրբ Երրորդության Թբիլիսիի Մայր տաճարում ` Սամեբայում, պատարագից հետո: Կընթերցվեն հատվածներ Նոր կտակարանից` Հիսուս Քրիստոսի տառապանքների և մահվան մասին: Այսօր Վրաստանի   բոլոր մյուս ուղղափառ եկեղեցիներում ևս տոնական արարողություններ են:

Ավագ հինգշաբթի օրը եկեղեցին հիշում է ավետարանական ամենակարևոր իրադարձությունը՝ Վերջին ընթրիքը, որի ժամանակ Հիսուս Քրիստոսը հիմնեց Նոր Կտակարանի հաղորդությունը և լվաց աշակերտների ոտքերը: Ավագ հինգշաբթիի ամսաթիվը կախված է Զատկի տոնից. այս տարի Վրաստանում Քրիստոսի Պայծառ Հարությունը նշվում է մայիսի 2-ին: