Վրաստանում ամիսներ ձգվող քաղաքական ճգնաժամն ավարտին հասցրած Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի համաձայնագրի իրականացումը կմեկնարկի այսօր: Ընդդիմության ներկայացուցիչներն այսօր կմտնեն խորհրդարան` այսպիսով հանգուցալուծելով մոտ վեց ամիս տևած բոյկոտը:
Հիշեցնենք, որ ըստ համաձայնագրի առաջին կետի` ընդդիմությունը մտնում է խորհրդարան և լիարժեք միանում օրենսդիր մարմնի աշխատանքին: Մեկ շաբաթվա ընթացքում առաջարկվում է համաներման օրենքի նախագիծ, որով ազատ են արձակվում 2019 թվականի հունիսի 20-21-ի գործով դատապարտվածները, այդ թվում` Նիկա Մելիան և Գիորգի Ռուռուան:
Համաներման մասին օրենքի շուրջ իշխող «Վրացական երազանքն» ու ընդդիմության ներկայացուցիչները կիսում են կարծիքը, որ մտադրված վնաս հասցնելու պատասխանատվությունը կրողները չեն կարող համաներում ստանալ:
Ինչ վերաբերում է Նիկա Մելիային` վերջինս հայտարարել է, թե համաձայն է, որ ԵՄ-ն վճարի իր գրավը, մինչդեռ համաներմանը դեմ է: Սակայն այս մոտեցումը տարակուսանք է առաջացրել իշխող կուսակցության շրջանակներում: