Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր տեղի ունեցած կառավարության նիստի ընթացքում խոսել է նոր ծրագրի մասին:
Վարչապետի խոսքով՝ շրջաններում նախատեսվում է քաղաքաշինական նախագիծ, որի շրջանակներում կստեղծվի 15,000 աշխատատեղ: Իրակլի Ղարիբաշվիլին ասում է, որ նախագծի առաջին փուլի արժեքը 500 միլիոն լարի է, որը կհատկացվի պետական բյուջեից և միջազգային ֆինանսական հաստատությունների օգնությամբ:
«Մենք սկսում ենք երկրի լայնածավալ նորացումը: Այս ծրագիրը ներառում է 63 մունիցիպալիտետներում քաղաքաշինության վերականգնում, կարևոր մշակութային և պատմական տեղանքների վերականգնում, մունիցիպալիտետների վարչական կենտրոնների վերականգնում, ինչպես նաև հանգստի տարածքների կազմակերպում, հանգստի պարկերում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացում, հանրային նշանակության օբյեկտների վերականգնում բոլոր մունիցիպալիտետներում: Ծրագրի շրջանակներում կստեղծվեն հանգստի և զբոսաշրջության նոր գոտիներ: Վրաստանում կան շատ վայրեր, որոնք մենք պետք է գրավիչ դարձնենք, առաջին հերթին մեր քաղաքացիների և մեր զբոսաշրջիկների համար», — ասաց Իրակլի Ղարիբաշվիլին:
Վարչապետի խոսքով, մրցույթները կհայտարարվեն այս շաբաթ, իսկ ծրագրերի իրականացումը կսկսվի հունիսին: