Նախօրեին Վրաստանի նախագահի նստավայրում Վրաստանում Եվրամիության ու ԱՄՆ դեսպանների և երկրի նախագահի միջնորդությամբ իշխանության և ընդդիմության հանդիպման արդյունքները Վրաստանում իրադարձությունների կիզակետում են: Կողմերն ընդհանուր հայտարարի եկան ու ստորագրեցին Շարլ Միշելի առաջարկած փաստաթուղթը: Ապրիլի քսանի առավոտյան 09:00-ից Վրաստանում բաց են ԵՄ ներկայացչության դռները՝ այն կուսակցությունների ու պատգամավորների համար, ովքեր դեռ չեն ստորագրել փաստաթուղթը:
Ի՞նչ է ենթադրում «Միշելի փաստաթուղթը»
Համաձայնագրի համաձայն` Վրաստանի քաղաքական կայունությունն ապահովելու համար կողմերի համաձայնությունից անմիջապես հետո ընդդիմությունը մտնում է խորհրդարան և լիարժեք միանում օրենսդիր մարմնի աշխատանքին: Մեկ շաբաթվա ընթացքում առաջարկվում է համաներման օրենքի նախագիծ, որով ազատ են արձակվում 2019 թվականի հունիսի 20-21-ի գործով դատապարտվածները, այդ թվում` Նիկա Մելիան և Գիորգի Ռուռուան:
Բոլոր հաջորդ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն լրիվ համամասնական ընտրակարգով: Հաջորդ 2 խորհրդարանական ընտրությունների շեմը պետք է լինի 0-2 տոկոս:
Վրաստանում 2022 թվականին կնշանակվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, եթե «Վրացական երազանքը» 2021 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ստանա 43 տոկոսից պակաս աջակցություն:
Ովքե՞ր կմտնեն խորհրդարան
Առաջին փուլում համաձայնության տակ ստորագրել են 17 պատգամավորներ։ Ստորև ներկայացնում ենք խորհրդարան մտնող պատգամավորներին՝
- «Ստրատեգիա Աղմաշենեբելի»՝ 3 պատգամավոր
- «Լելո»՝ 4 պատգամավոր
- «Եվրոպական Վրաստան» (անհատական համաձայնություն)՝ 3 պատգամավոր
- Միացյալ ազգային շարժում կուսակցության ցուցակով անցած՝ 1 պատգամավոր
- Հանրապետական կուսակցություն (ՄԱՇ-ի ցուցակով անցած)՝ 2 պատգամավոր
- Իագո Խվիչիայի «Գիրչի»՝ 3 պատգամավոր
- Զուրաբ Ջափարիձեի «Գիտի՝ ավելի շատ ազատություն»՝ 1 պատգամավոր
Իագո Խվիչիայի երեք պատգամավորները խորհրդարան էին մտել փաստաթղթի տակ ստորագրելուց առաջ` նախքան նախագահի նստավայրում կայացած հավաքը:
Այսօր հայտնի դարձավ, որ փաստաթուղթը ստորագրել է նաև «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ անդամներից Գրիգոլ Վաշաձեն: Վերջինս չի հստակեցրել՝ արդյոք պատրաստվում է մտնել խորհրդարան, չնայած ի սկզբանե հայտարարված էր՝ ստորագրությունը ենթադրում է մուտք խորհրդարան:
Այս պահի դրությամբ խորհրդարանում աշխատելու է 99 պատգամավոր: Երբ նրանց կմիանան մնացածն ու խորհրդարանում պատգամավորների թիվը կազմի 113, գործադիր մարմինը կկարողանա սահմանադրական փոփոխություններ իրականացնել:
Ի՞նչ են ասում կողմերը
Չնայած նրան, որ փաստաթուղթը ստորագրել արդեն ենթադրում է մտնել խորհրդարան, որոշ պատգամավորներ ներկայացրել են նաև իրենց պայմանները՝
- «Լելո» կուսակցության առաջնորդ Մամուկա Խազարաձեն հայտարարել է, որ խորհրդարանում իր գործունեությունը կսկսի միայն Նիկա Մելիային ազատ արձակելուց հետո: Սրա հետ մեկտեղ, հույս է հայտնել, որ այսուհետ այսքան երկար ժամանակ չի պահանջվի ընդդիմությանը՝ խորհրդարան մտնելու համար:
- «Ստրատեգիա Աղմաշենեբելիի» անդամները նշել են, որ Մելիային ազատելու պայքարը կշարունակեն խորհրդարանից։
- Ստորագրելուց հետո արդեն նախկին ՄԱՇ-ական Սալոմե Սամադաշվիլին խոստացել է խորհրդարան մտնել համաներման օրենքն աջակցելու նպատակով։
Փաստաթուղթը Նիկա Մելիայի գործը վերագրել է հունիսի քսանի իրադարձություններին, այս թեմայով հատուկ կետ կա փաստաթղթում՝ փաստաթուղթը ստորագրելուց՝ այսինքն խորհրդարան մտնելուց մեկ շաբաթվա ընթացքում պետք է մշակվի այս գործով համաներման մասին օրենքը: Փաստաթղթում հատուկ կետով նաև նշված է նույն գործով կալանավորված «Մթավարի» ալիքի հիմնադիրներից Գիորգի Ռուռուային համաներում շնորհելը, ինչը պետք է անի նախագահը: Նախագահը ևս իր պայմաններն է ներկայացրել սրա հետ կապված՝ համաներումը կշնորհվի, եթե ընդդիմադիր կուսակցությունները ստորագրեն Միշելի համաձայնագիրը:
Իշխող կուսակցության ներկայացուցիչներն իրենց հերթին պատրաստակամություն են հայտնել ընդդիմության հետ խորհրդարանում համագործակցելու: Համաձայնագիրը ստորագրել են նաև Գախարիայի թիմի վեց անդամները:
«Միացյալ ազգային շարժումը» հրաժարվում է փաստաթուղթը ստորագրելուց, իսկ «Եվրոպական Վրաստանի» հինգ պատգամավորից երեքը կուսակցություններից դուրս են եկել ու խորհրդարան մտնելու մասին որոշում կայացրել:
ՄԱՇ-ի պատճառները…
ՄԱՇ-ի անդամների մեծամասնությունը փաստաթուղթը չստորագրելու հիմնական պատճառ է անվանում Մելիային ազատ արձակելու պայմանը: Մինչև Մելիան չազատվի՝ կուսակցության անդամները հրաժարվում են ստորագրել փաստաթուղթը: Ակնկալվում է, որ նրանց հետ Շարլ Միշելը լրացուցիչ բանակցություններ կանցկացնի:
Միջազգային գործընկերների արձագանքը
Ապրիլի քսանին ԱՄՆ պետդեպարտամենտը ողջունել է Միշելի համաձայնագիրը ստորագրած կուսակցությունների որոշումը, կոչ արել նրանց օրինակին հետևել նաև մյուս պատգամավորների:
Նման հայտարարություններ տարածել են նաև ԱՄՆ դեսպանությունը Վրաստանում, առանձին Եվրապատգամավորներ, ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բարելը, Լիտվայի նախագահը և Վրաստանի ներքաղաքական գործընթացներում ներգրավված այլ անձինք:
Ապրիլի քսանին Վրաստան այցելեց Շարլ Միշելը, ով հանդիպումներ ունեցավ նախագահի, այնուհետև վարչապետի ու խորհրդարանի պատգամավորների հետ: Վարչապետը շնորհակալություն է հայտնել Միշելին՝ Վրաստանում «արհեստականորեն ստեղծված ճգնաժամն ավարտին հասցնելու» համար: Իր կողմից, Միշելը հավատացրել է՝ ԵՄ-ն Վրաստանի ամենասերտ աջակիցն է ու միշտ Վրաստանի կողքին է լինելու:
Այս հրապարակումը ստեղծվել է ԵՄ-ի աջակցությամբ: Նյութի բովանդակության համար ամբողջովին պատասխանատու է Ալիք Մեդիան, այն կարող է չհամընկնել ԵՄ֊ի հայացքների հետ։