Վրաստանի նախագահի նստավայրում քիչ առաջ Վրաստանում ԵՄ և ԱՄՆ դեսպանների և երկրի նախագահի միջնորդությամբ ավարտվեց իշխանության և ընդդիմության հանդիպումը:
Կողմերը գրեթե 6 ամիս տևած անհամաձայնությունից հետո եկան ընդհանուր հայտարարի: ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի փաստաթղթի շուրջ համաձայնության հասան իշխող «Վրացական երազանքը», «Լելոն», «Քաղաքացիները», «Շինարար ռազմավարությունը», «Գիրչին» և «Հանրապետականները»: Համաձայնության հասնելուց հետո Միշելը տեսակապի միջոցով հայտարարեց, որ վաղը կժամանի Վրաստան:
Փաստաթղթի տակ չեն ստորագրում «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունն ու «Եվրոպական Վրաստանը»: Սակայն ՄԱՇ-ից Սալոմե Սամադաշվիլին և «Եվրոպական Վրաստանից» Դավիթ Բաքրաձեն ինքնուրույն ստորագրեցին փաստաթղթի տակ:
Համաձայնագրի համաձայն` Վրաստանի քաղաքական կայունությունն ապահովելու համար կողմերի համաձայնությունից անմիջապես հետո ընդդիմությունը մտնում է խորհրդարան և լիարժեք միանում օրենսդիր մարմնի աշխատանքին: Մեկ շաբաթվա ընթացքում առաջարկվում է համաներման օրենքի նախագիծ, որով ազատ են արձակվում 2019 թվականի հունիսի 20-21-ի գործով դատապարտվածները, այդ թվում` Նիկա Մելիան և Գիորգի Ռուռուան:
Բոլոր հաջորդ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն լրիվ համամասնական ընտրակարգով: Հաջորդ 2 խորհրդարանական ընտրությունների շեմը պետք է լինի 0-2 տոկոս:
Վրաստանում 2022 թվականին կնշանակվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, եթե «Վրացական երազանքը» 2021 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ստանա 43 տոկոսից պակաս աջակցություն:
Այս հրապարակումը ստեղծվել է ԵՄ-ի աջակցությամբ: Նյութի բովանդակության համար ամբողջովին պատասխանատու է Ալիք Մեդիան, այն կարող է չհամընկնել ԵՄ֊ի հայացքների հետ։