Ապրիլի 18-ին Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը նոր փաստաթուղթ ներկայացրեց Վրաստանի իշխանությանն ու ընդդիմությանը, որի նպատակն արդեն շուրջ կես տարի շարունակվող քաղաքական ճգնաժամից դուրս գալն է:
Ընդդիմության ներկայացուցիչների մեծամասնության համար փաստաթուղթն ընդունելի է, սակայն անհրաժեշտ են որոշ խորհրդատվություններ: Իսկ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը երեկ չներկայացավ ԵՄ ներկայացուցչի գրասենյակում տեղի ունեցած հանդիպմանը, որը վարում էին Վրաստանում ԵՄ և ԱՄՆ դեսպանները:
«Վրացական երազանքը» արդեն պաշտոնապես ստորագրել է Շառլ Միշելի հատուկ ներկայացուցիչ Կրիստիան Դանիելսոնի փաստաթուղթը, որը կտրականապես չէր ընդունել ընդդիմությունը: Իշխող կուսակցության պատգամավոր Իրակլի Քադագիձեի հայտարարությամբ` նոր փաստաթուղթն իրենց համար ընդունելի չէ:
Ի՞նչ է փոխվել նոր փաստաթղթում
- Վրաստանի քաղաքական կայունությունն ապահովելու համար, կողմերի համաձայնությունից անմիջապես հետո ընդդիմությունը մտնում է խորհրդարան և լիարժեք միանում օրենսդիր մարմնի աշխատանքին: Մեկ շաբաթվա ընթացքում առաջարկվում է համաներման օրենքի նախագիծ, որով ազատ են արձակվում 2019 թվականի հունիսի 20-21-ի գործով դատապարտվածները, այդ թվում` Նիկա Մելիան և Գիորգի Ռուռուան:
- Բոլոր հաջորդ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն լրիվ համամասնական ընտրակարգով: Հաջորդ 2 խորհրդարանական ընտրությունների շեմը պետք է լինի 0-2 տոկոս:
- Վրաստանում 2022 թվականին կնշանակվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, եթե «Վրացական երազանքը» 2021 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ստանա 43 տոկոսից պակաս աջակցություն: