ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Վրաստան կատարած երկօրյա այցի շրջանակներում հանդիպել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեին:
Խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն ողջունել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնական այցը Վրաստան՝ ընդգծելով, որ երկու երկրների համար շատ դինամիկ և հետաքրքիր ժամանակներ են, և ներկայումս կարևոր պահ է երկրների ժողովրդավարական ապագայի համար:
Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը մասնավորապես նշել է, որ փոքր երկրների ուժը պայմանավորված է նրա գործողություններով.
«Այս համատեքստում Հայաստանի և Վրաստանի նման երկրները պետք է ակտիվորեն ներգրավված լինեն միջազգային հարաբերություններում և բարեկամ կամ հարևան երկրների հետ հարաբերություններում՝ լինեն դրանք մեծ թե փոքր, կամ գերտերություններ,- ասել է նախագահ Սարգսյանը, -Պետք է հատուկ հարաբերություններ ունենալ հատկապես բարեկամների հետ: Մեզ համար Վրաստանը հենց այդպիսին է: Պատահական չէ, որ ես ընդունեցի Վրաստանի նախագահի հրավերը՝ գալու և զրուցելու, փոխանակվելու իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությամբ, ինչպես նաև խոսելու ապագայի մասին»:
Տարածաշրջանում անվտանգության ու կայունության խնդիրների համատեքստում նախագահ Սարգսյանն անթույլատրելի է համարել, որ Արցախի դեմ սանձազերծած պատերազմից ամիսներ անց Ադրբեջանը շարունակում է գերության մեջ պահել հայ զինծառայողներին ու քաղաքացիական անձանց՝ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի բոլոր նորմերը: