Իսրայելում աշխատանքի տեղավորվելու համար չորս օրում գրանցվել է 1132 մարդ

Իսրայելում օրինական աշխատանքի տեղավորվելու համար հատուկ հարթակում չորս օրվա ընթացքում արդեն գրանցվել է 1132 մարդ: Նշենք՝ թափուր աշխատատեղերն ի սկզբանե 1000-ն են եղել:

Վրաստանի զբաղվածության ծառայությունից հայտնել են, որ Իսրայելում աշխատանքի տեղավորման համար գրանցումը կշարունակվի ողջ տարվա ընթացքում:

Վրաստանի այն քաղաքացիները, որոնց դիմումներին դրական պատասխան կտրվի, հնարավորություն կստանան մեկ տարի օրինական ապրել ու աշխատել Իսրայելում` երկարաժամկետ խնամքի համակարգում։

Երկարաժամկետ խնամքի համակարգը կոմպլեքս աջակցության ծրագիր է` տարեց և հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին, ովքեր մասամբ կամ ամբողջությամբ կորցրել են իրենց մասին հոգ տանելու հնարավորությունը:  Համակարգը ներառում է ընտանեկան խնամքի, սոցիալական ծառայությունների և բժշկական խնամքի աջակցություն տանը:

Աշխատանքի տևողությունը շաբաթական 6 աշխատանքային օր է, լրիվ դրույքով: Շաբաթական 42-ժամյա աշխատանքային գրաֆիկով ամսական աշխատավարձը կազմում է 5300 շեկել (ապրիլի 12-ի դրությամբ մոտավորապես 1610 դոլար):

Դիմողը պետք է լինի միջնակարգ դպրոցի շրջանավարտ, ունենա պետության կողմից ճանաչված տնային բժշկական օգնության/խնամքի վերապատրաստման դիպլոմ/վկայական կամ բուժքրոջ/բուժքրոջ օգնականի դիպլոմ, ինչպես նաև տիրապետի  անգլերեն կամ ռուսերեն լեզուների խոսակցական մակարդակի: