Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով, NATO-ի հետ համաձայնեցված օրակարգով, Աֆղանստանը կլքեն նաև վրացական ստորաբաժանումները:
«Վրաստանը բազում տարիների ընթացքում իր արժանապատիվ ներուժն ունի համաշխարհային անվտանգության ապահովման մեջ: Մեր զինվորներն ակտիվորեն մասնակցում են ՆԱՏՕ-ի և ԵՄ հովանու ներքո իրականացվող ռազմական գործողություններին ու առաքելություններին: Վրաստանը դրանցում առաջին անգամ ներգրավվել է 2004 թվականին և վերջին տասը տարվա ընթացքում անդադար մասնակցում էր Աֆղանստանում ընթացող ՆԱՏՕ-ի առաքելությունում: Մեր երկիրը RSM-ի առաքելության խոշորագույն մատակարարներից մեկն է: 860 վրացի զինվոր այսօր էլ ծառայում է NATO-ի կազմում»,- ընդգծել է վարչապետը:
Ղարիբաշվիլին նշել է, որ ինտենսիվ խորհրդատվություններ ունեն Ամերիկայի հետ և Աֆղանստանից վրացական ստորաբաժանումների դուրս բերելը նրանց համակարգմամբ կիրականացվի:
ՆԱՏՕ-ն որոշում է կայացրել Աֆղանստանի առաքելությունը փուլ-առ-փուլ ավարտին հասցնելու մասին: Արտասահմանյան մամուլի տեղեկությամբ, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ծրագրում է Աֆղանստանից զինված ուժերին հանել սեպտեմբերին: