Այսօր՝ ապրիլի 15-ին մեկնարկում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի երկօրյա այցը Վրաստան: Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը տեղի կունենա Օրբելիանիի պալատում:
Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի և Վրաստանի նախագահների առերես և ընդլայնված հանդիպում, որից հետո Արմեն Սարգսյանը և Սալոմե Զուրաբիշվիլին հանդես կգան համատեղ հայտարարություններով մամուլում:
Նախատեսվում է նաև հանդիպում ՀՀ Նախագահի և Վրաստանի խորհրդարանի նախագահի միջև:
Պաշտոնական այցի ընթացքում Հայաստանի նախագահը կայցելի հայկական եկեղեցի:
Սարգյսանի այցին ընդառաջ նախագահները նաև թվիթերյան գրառումներ են արել, ողջունել միմյանց մայրենի լեզուներով:
Արմեն Սարգսյանը թվիթերում վրացերենով գրառում է արել, կից հրապարակել հայերեն տարբերակը։
«Ուրախությամբ սպասում եմ իմ գործընկերոջ՝ եղբայրական Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հանդիպմանը վաղվա պաշտոնական այցի շրջանակում»,- երկու լեզուներով գրել է Սարգսյանը:
Ժամեր անց գրառումով կիսվել է Սարգսյանի վրաց գործընկեր Սալոմե Զուրաբիշվիլին, ավելացնելով՝ «Բարի՛ գալուստ Վրաստան, պարո՛ն Նախագահ»: