Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան սկսում է հավաքել իր աջակիցներին և ձևավորել նոր քաղաքական ուժ:
Ապրիլի 14-ին իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից դուրս եկավ 6 պատգամավոր, որոնք համարվում են Գախարիայի թիմի անդամները: Չնայած նախկին վարչապետը դեռևս հայտարարություն չի արել, թե կոնկրետ երբ է հիմնելու քաղաքական թիմը և ինչ նպատակներ ունի առաջիկայում, այնուամենայնիվ իշխող թիմը լքած պատգամավորները նշեցին, որ՝
- նոր կուսակցության խնդիրը կլինի «ռադիկալիզացիայի» նվազեցումը,
- նրանց հատկապես անհանգստացնում է «համաճարակը, տնտեսական ճգնաժամը, գործազրկությունն ու աղքատությունը»,
- նրանք պատրաստվում են մասնակցել առաջիկա ընտրություններին, «կլինի դա ՏԻՄ, թե ցանկացած այլ ընտրություն»,
- նրանց քաղաքական թիմը «լսելու է քաղաքացիների պահանջները, քանի որ իշխող կուսակցության օրակարգը չի համապատասխանում բնակչության կարիքներին»:
Գիորգի Գախարիան Վրաստանի վարչապետի պաշտոնը լքեց փետրվարի 18-ին, մեկ ամիս անց Գախարիան հայտարարեց, որ չի պատրաստվում հեռանալ քաղաքականությունից: 2020 թվականի խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանքի» 1-ին համարի ու ամենահեղինակավոր գործչի դեռ վերջնական չձևավորված թիմը դեռ հայտնի չէ իշխանության, թե ընդդիմության ընդդիմությունն է լինելու:
Ի՞նչ են ասում իշխող կուսակացությունում
«Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն կատարվածը համարում է սխալ քայլ:
«Ցավալի է, ինչ մենք տեսանք: Երբ սխալ ես սկսում քաղաքական քայլեր անել, այդ գործընթացը սխալ էլ շարունակվում է»,- ասել է Կոբախիձեն:
Խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի խոսքով, Գիորգի Գախարիայի թիմից գնալը «ամենաանհրաժեշտ պահին ու սեփական պատասխանատվությունը թողնել ուրիշների վրա ամոթ է»:
Ի՞նչ են ասում ընդդիմությունում
ՄԱՇ-ի անդամ Թինա Բոկուչավայի խոսքով կասկածներ չկա, որ Գախարիայի կուսակցությունը Բիձինա Իվանիշվիլիի ծրագիրն է, Իվանիշվիլին փորձում է այս քայլով փոխել արդեն սպառված «Վրացական երազանքը»:
«Հիշում ենք Իվանիշվիլիի հայտարարությունները այն մասին, որ եթե անհրաժեշտ լինի նա ինքը կստեղծի ընդդիմադիր կուսակցություն»,- հայտարարել է Բոկուչավան:
«Տրիբունայի» առաջնորդ Դավիթ Ճիճինաձեի խոսքով, նախկին վարչապետին իշխանությունը դարձնում է քաղաքական առաջնորդ, որպեսզի վերջինս առաջացնի քաղաքական ճգնաժամ և նշանակվեն արտահերթ ընտրություններ:
Ի՞նչ իրավիճակ է այժմ Խորհրդարանում
10-րդ գումարման խորհրդարանում «Վրացական երազանքը» այս պահի դրությամբ ունի 84 պատգամավոր (նախքան պատգամավորների լքելը 90): Եթե առաջիկայում ևս 9 պատգամավոր լքեն իշխող կուսակցության շարքերը խորհրդարանական մեծամասնությունը կլուծարվի, քանի որ մեծամասնության և (նաև կառավարության) ձևավորման համար անհրաժեշտ է նվազագույնը 76 պատգամավոր:
Եթե իրադարձությունները զարգանան նման սցենարով, Վրաստանում արտահերթ ընտրություններ նշանակելու երկու ճանապարհ կլինի՝
- Եթե վարչապետը հրաժարական տա, կամ իմպիչմենտի կարգով դադարեցվի լիազորությունը և չձևավորվի նոր կառավարարություն,
- Եթե վարչապետը ցանկանա նորից ստանալ խորհրդարանի վստահությունը և չստանա այն:
Խորհրդարանական մեծամասնությունը կորցնելու դեպքում իշխող կուսակցությունը չի կարողանա ինքնուրույն ընդունել մի շարք օրինագծեր, քանի որ դրանք պահանջում են խորհրդարանի 1/2, 2/3 աջակցությունը:
Վրաստանի ընդդիմության մեծ մասը շարունակում է մնալ բոյկոտի ռեժիմում: Նվազագույն շեմը հաղթահարած 8 ընդդիամդիր կուսակցություններից խորհրդարանում աշխատում է միայն երկուսը: Շուրջ 6 ամիս շարունակվող քաղաքական ճգնաժամը ըստ ընդդիմության կվերջացնի միայն քաղբանտարկյալների ազատ արձակումն ու արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակումը:
Այս հրապարակումը ստեղծվել է ԵՄ-ի աջակցությամբ: Նյութի բովանդակության համար ամբողջովին պատասխանատու է Ալիք Մեդիան, այն կարող է չհամընկնել ԵՄ֊ի հայացքների հետ։