«Միացյալ ազգային շարժման» անդամների միջև կարծիքների տարբերություն կա: «Կուսակցությանն այժմ անհրաժեշտ է միասնություն և Բիձինա Իվանիշվիլիին հեռացնելու ռազմավարություն»,- հայտարարել է կուսակցության անդամ Դավիթ Կիրկիտաձեն:
«Միացյալ ազգային շարժման» անդամների մի մասը գտնում է, որ Սահակաշվիլին չի կարող լինել կուսակցության ղեկավար` երկրում չլինելու պատճառով: Մյուսը մասը գտնում է, որ հիմա ավելի կարևոր հարցեր կան քան կուսակցության ղեկավար ընտրելու թեման:
«Իսկապես դժվար է, երբ կուսակցության առաջնորդը, ղեկավարը, չի կարողանում Վրաստան այցելել և մասնակցել գործընթացներին, սակայն չեմ կարծում, որ սա կարող է հիմք հանդիսանալ նրան հեռացնելու համար»,- հայտարարել է Նինո Կալանձաձեն:
«Ռուսթավի 2»-ը փոխանցում է, որ «Միացյալ ազգային շարժման» գրասենյակում տեղի է ունեցել քաղխորհրդի նիստ, որը տևել է մի քանի ժամ: Քննարկվել է մի քանի կարևոր հարց, նաև աշխատանքային խումբ է ստեղծվել, որը գնահատելու է նախընտրական քարոզարշավը, քվեարկության նախապատրաստական աշխատանքները: Կուսակցությունը նաև հատուկ հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ կուսակցության միասնականությունը ամենակարևորն է իրենց համար:
Հայտարարության մեջ ասվում է, որ 2016 թվականի հոկտեմբերի 8-ին տեղի ունեցած ընտրությունները ազատ և արդար չեն եղել, չնայած սրան կուսակցությունը արժանացել է կես միլիոն ընտրողի վստահությանը, այդ իսկ պատճառով շարունակում է իր պայքարը: