Ռուսաստանի Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար, նախկին արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը «Կոմերսանտի» հետ զրույցում խոսել է Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ ավիաչվերթների վերականգնման մասին:
Նրա խոսքով, դեռ վաղ է խոսել երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթների վերականգնման մասին:
«Դեռ վաղ է խոսել օդային հաղորդակցության մասին: Վրաստանում արմատական ճիչերը միայն ավելացնում են անորոշությունը՝ հիշեք Վլադիմիր Պոզների վերջին դեպքը: Դա լրիվ տգեղ միջադեպ էր: Մենք ուրախ ենք, որ Վրաստանի վարչապետի կողմից հավասարակշռված հայտարարություն լսեցինք այդ հարցի վերաբերյալ», — ասել է Կարասինը:
Հիշեցնենք՝ 2019 թվականի հունիսին Թբիլիսիում հակառուսական բողոքի ակցիաներից հետո ՌԴ նախագահի հրամանագրով հուլիսի 8-ից արգելվեցին ուղիղ ավիաչվերթները Վրաստանի և Ռուսաստանի միջև: