Աբխազիայի Գալիի շրջանի 4 բնակչի ողբերգական մահվան առիթով Վրաստանում ապրիլի 10-ը սգո օր է հայտարարվել, համապատասխան կարգադրությունն այսօր ստորագրել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Շաբաթ օրը երկրի բոլոր պետական կառույցների դրոշները կխոնարհվեն:
Ապրիլի 7-ին Զուգդիդիի մունիցիպալիտետում Էնգուրի գետում հայտնաբերվել էր 4 մարդու մարմին, նրանք բոլորը խեղդվել էին` փորձելով շրջանցել ռուս սահմանապահների կողմից վերահսկվող` Աբխազիայի հետ շփման գիծը: Մահացածներից 2-ը կանայք են` 30 տարեկան, տղամարդիկ` 52 և 47 տարեկան էին: Ըստ հարազատների` նրանց հետ կապը կորել է ապրիլի 3-ին:
Թբիլիսիում միջադեպը կապում են շփման գծում շարժման սահմանափակումների հետ, որոնք Սուխումիի իշխանությունները կորոնավիրուսային համաճարակի մեկնարկից հետո միակողմանի ուժի մեջ դրեցին: Սուխումին նման գնահատականը համարում է «անտեղի քաղաքականացում»: Աբխազական ուժայինների կարծիքով` Գալիի շրջանի շատ բնակիչներ փորձում են շրջանցել սահմանային գիծը` խուսափելու համար 5-օրյա պարտադիր կարանտինից: