Վրաստանի դատախազությունը Ախալցիխեում պատվաստումից կես ժամ անց կոմայի մեջ հայտնված, ապա Թբիլիսիում մահացած բուժքույր Մեգի Բաքրաձեի գործով կեղծ ցուցմունք տալու փաստով մեղադրանք է առաջադրել Ախալցիխեի «Իմեդի» կլինիկայի երկու բժշկի` Բ. Լ-ին, Վ. Ի-ին ու ու մեկ բուժքրոջ` Տ. Գ-ին:
Վրաստանի դատախազությունն այսօր հայտարարություն է տարածել: Գերատեսչությունը տեղեկացրել է, որ բուժաշխատողները խոչընդոտել են արդարադատությանն ու հետաքննությանը կեղծ տեղեկություններ են տրամադրել: Մասնավորապես, մեղադրյալներից մեկի ցուցմունքով` մարտի 18-ին, պատվաստման սենյակում գտնվող Մեգի Բաքրաձեի առողջական վիճակի վատացումից, բարդություններ առաջանալուց անմիջապես հետո պացիենտը համապատասխան բուժական պրոցեդուրաներ է անցել: Սա ցուցմունքով հաստատել է կլինիկայի ևս 2 բուժաշխատող: Հետաքննությունը պարզել է,սակայն, որ պատվաստվելուց հետո Բաքրաձեն որևէ դեղամիջոց չի ընդունել, իսկ բուժքրոջ վատանալու ընթացքում նշված բժիշկն ընդհանրապես պատվաստման սենյակում չի գտնվել:
Բուժաշխատողներին մեղադրանք է ներկայացվել Վրաստանի քրեական օրենսգրքի 370-րդ հոդվածով` (արդարադատության խոչընդոտում, որն արտահայտվել է հարցաքննվող անձի կողմից հետաքննությանը կեղծ տեղեկություն տրամադրելով` անձնական պատճառներով): Մեղադրյալներն ընդունել են մեղքը:
Դատախազությունն օրենքով սահմանված ժամկետում մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց կիրառելու միջնորդություն կներկայացնի Թբիլիսիի քաղաքային դատարան:
Բուժքրոջ մահվան քրեական գործի քննությունը շարունակվում է, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ ՝ մահվան հանգամանքները պարզելու համար:
Հիշեցնենք` մարտի 18-ին 27-ամյա Մեգի Բաքրաձեն պատվաստվելուց անմիջապես հետո իրեն վատ էր զգացել, կես ժամ անց կոմայի մեջ ընկել, հաջորդ օրը տեղափոխվել Թբիլիսի, որտեղ գիտակցության չգալով` մահացել էր: Հարազատները բժիշկներին են մեղադրում կատարվածում, նշում, որ նրան համապատասխան բուժօգնություն չի տրամադրվել: Մեգին 2 երեխաների մայր էր, աշխատում էր նույն` «Իմեդի» կլինիկայում, պատվաստման կողմնակից էր, պրոցեդուրայից առաջ տեղական լրատվամիջոցներով բնակչությանը կոչ էր արել անպայման պատվաստվել, ոչնչից չվախենալ: