Թբիլիսիի քաղաքապետարանի ենթակայության տրանսպորտային կազմակերպությունը 35,919,468 լարիով 300 նոր միկրոավտոբուս ձեռք կբերի:
Մրցույթն արդեն հայտարարված է: Մասնակցել ցանկացողները պետք է գնումների կայքում գրանցման հայտ ներկայացնեն` ապրիլի 29-ից մայիսի 4-ը:
Մրցույթը հաղթած ընկերությունը պարտավոր կլինի միկրոավտոբուսները ներմուծել տրանսպորտային ընկերության պահանջից հետո 180 օրացույցային օրվա ընթացքում: Ասվում է, որ տրանսպորտային միջոցները պետք է լինեն մեկ մակնիշի, մոդելի, գույնի` կապույտ մետալիկ: Արտադրման տարեթիվը` 2021, պետք է ունենան առնվազն 17 նստատեղ: Վարորդի ու առաջին նստատեղերի ուղևորների համար առնվազն 2 անվտանգության բարձիկ պետք է ունենան, բոլոր նստարանները պետք է ապահովված լինեն անվտանգության ամրագոտիներով: Տրանսպորտային միջոցը պետք է հագեցած լինի օդորակիչ համակարգով:
Քաղաքապետարանը ծրագրում է մինչև տարեվերջ բոլոր դեղին միկրոավտոբուսները հանել շահագործումից:
Ըստ տրանսպորտային ցանցի նորացման ծրագրի` մայրաքաղաքի երթուղիները կսպասարկի 1000 նոր միկրոավտոբուս (որոնցից 300-ն արդեն գնվել ու շահագործվում է) ու 8 մետրանոց «MAN» ավտոբուսները: Ընթացքի մեջ է նաև դեղին ավտոբուսների փոխարինման գործընթացը:
Նոր փոխադրամիջոցներում հարմարավետության հետ մեկտեղ նաև էժանացել է երթևեկելը.
Ապրիլի 1-ից կապույտ միկրոավտոբուսների ուղեվարձը դարձել է 50 թեթրի (15 ԱՄՆ ցենտ)` 80-ի փոխարեն:
Բացի այդ` գործում են նաև արտոնությունները, որոնք մինչ այս հասանելի էին միայն ավտոբուսով ու մետրոյով երթևեկելու դեպքում. 1,5 ժամվա ընթացքում այլ տրանսպորտային միջոցից օգտվելն անվճար է: Անվճար երթևեկելու հնարավորություն ունեն աշակերտները, սոցիալապես անապահովներն ու հաշմանդամություն ունեցողները, սոցիալական այլ խմբեր: