Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարարի աշխատակազմի տեղեկատվությամբ, «Վրաց լեզվի նախապատրաստական ծրագրից» («1+4» ծրագիր) օգտվող անձանց համար ստաժավորման ծրագրի հայտերի ընդունումը կշարունակվի մինչև ապրիլի 12-ը ներառյալ:
Ստաժավորման ծրագրի նպատակն է Վրաստանում ապրող էթնիկ փոքրամասնությունների աշխատանքի տեղավորման հեռանկարի բարելավումը և քաղաքացիական ինտեգրացիայի գործընթացին նպաստումը:
Ծրագրի շրջանակներում էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչները հնարավորություն կունենան մրցույթի միջոցով մասնակցել ստաժավորման ծրագրին: Ընտրված մասնակիցները 1-ից մինչև 6 ամիս ստաժավորում կանցնեն պետական գերատեսչություններում, տեղական ինքնակառավարման մարմիններում և իրավաբանական անձանց մոտ:
Պետական գերատեսչությունների և համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:
Ստաժավորման ծրագրին մասնակցել ցանկացողները պետք է լրացնեն հատուկ դիմում: