Վրաստանում Թուրքիայի դեսպան Ֆաթմա Ջերեն Յազգանը վրաստանյան «Ֆորմուլա» հեռուստաընկերության եթերում խոսել է վրաց-թուրքական հարաբերությունների՝ այդ թվում Կարսի պայմանագրի և Սամցխե-Ջավախքում զորքեր տեղակայելու մասին:
Լրագրողն իր խոսքում նշում է, որ այժմ որոշ ուժեր ցանկանում են ճեղք առաջացնել վրաց-թուրքական հարաբերություններում և առաջ քաշել այնպիսի թեմաներ, որոնք 21-րդ դարի 20-ական թվականների սկզբին արդեն ակտուալ չեն և հարցնում Թուրքիայի դեսպանի կարծիքը նշված թեմաների շուրջ:
«Կան որոշ մտահոգիչ հարցեր, որոնք ինձ նույնպես անհանգստացնում են արդեն 3,5 տարի, ինչ Վրաստանում եմ ծառայում: Երբ եկա Վրաստան առաջին անգամ, այն ժամանակ լսեցի բամբասանք, որ Կարսի պայմանագիրը կավարտվի 100 տարին լրանալուն պես, հասկացա, որ նմանատիպ անտրամաբանական և ակնհայտ սուտը օրակարգ է հայտնվում ոչ թե Վրաստանից, այլ դրսից: Երբ ես որոշեցի հետազոտել այս աղբյուրները, հայտնի դարձավ, որ դրանք որոշ խմբեր են Վրաստանի սահմանից դուրս… ինչու՞, որովհետև թուրք-վրացական հարաբերությունները Կովկասի տարածաշրջանի կայունության կմախքն են: Երբ նայեք աշխարհառազմավարական լանդշաֆտին, նրանք ուզում են որոշակի կասկած առաջացնել, արդեն 2021 թվականն է, Կարսի պայմանագիրը չի դադարեցվի, Բաթումին չենք պահանջի ետ վերադարձնել, իսկ Սամցխե-Ջավախեթիում զինված ուժեր չենք ուղարկի»,- հայտարարել է Վրաստանում Թուրքիայի դեսպանը:
Նա վերջում հավելել է, որ նմանատիպ կեղծ նորությունները Վրաստան են մտնում դրսից, սակայն օգտակար նյութեր են ձեռք բերվում Վրաստանից:
«Մենք պետք է պայքարենք կեղծ տեղեկությունների քարոզչության դեմ և մենք ուզում ենք այս հարցերին անդրադառնալ Վրաստանի կառավարության, ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության հետ միասին»,- ասել է Ֆաթմա Ջերեն Յազգանը: