Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարը Թեա Ծուլուկիանին է

Թեա Ծուլուկիանին նշանակվել է Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարար:

Համապատասխան հրաման վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ստորագրել է այսօր, Ծուլուկիանին պարտականություններին կանցնի մարտի 22-ից: Նույն հրամանով Միխեիլ Չխենկելին նշանակվել է Վրաստանի կրթության և գիտության նախարար:

Հիշեցնենք` օրեր առաջ որոշում էր կայացվել` առանձնացնել Վրաստանի մշակույթի նախարարությունը` Կրթության, գիտության նախարարությունից. նախարարությունների միավորման գաղափարը Վրաստանի նախկին վարչապետ Մամուկա Բախտաձեինն էր, ում առաջարկությամբ 2018 թվականին փոքր կառավարության հասկացության շրջանակներում նախարարությունները միավորվեցին:

Բարեփոխումից 2 տարի անց կառավարությունը եկավ եզրակացության, որ գերատեսչությունները պետք է նորից առանձնանան:  Ներկայումս Ծուլուկիանին խորհրդարանի պատգամավոր է, զբաղեցնում է կրթության, գիտության և մշակույթի խորհրդարանական հանձնաժողովի նախագահի պաշտոնը:

Նա կառավարության ամենափորձառու նախարարներից  է. կառավարությունում է 2012-ից (այն ժամանակվա վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի կողմից կազմված): Աշխատել է  կառավարության հինգ ղեկավարների` Բիձինա Իվանիշվիլիի, Իրակլի Ղարիբաշվիլիի, Գիորգի Կվիրիկաշվիլիի, Մամուկա Բախտաձեի և Գիորգի Գախարիայի ղեկավարության տակ: