Այսօրվանից Վրաստանի ռեստորաններում թույլատրվում է կենդանի երաժշտությունը:
Իշխանության որոշմամբ` մարտի 8-ից ռեստորանները վերաբացվեցին` առանց կենդանի երաժշտության թույլտվության:
Որոշ դեպքերում, սակայն, պահանջն անտեսվում էր. կենդանի երաժշտության ուղեկցությամբ հավաքների ականատես ենք եղել մի շարք ռեստորաններում:
Ռեստորաններն ու բարերը դեռ շարունակում են մի շարք սահմանափակումներով աշխատել. օրինակ` փակ են հանգստյան օրերին, իսկ աշխատանքային օրերին ստիպված են ժամը 21:00-ին ավարտել աշխատանքը` «պարետային ժամի» պատճառով:
Միջգերատեսչական խորհուրդը որոշել է ապրիլի 1-ից թույլատրել նաև մանկական ժամանցի կենտրոնների և կինոթատրոնների աշխատանքը: Նաև հնարավոր կլինի մարտի 28-ին ներկա լինել Վրաստանի և Իսպանիայի ֆուտբոլի հավաքականների հանդիպմանը, սակայն տրիբունաների միայն 30 տոկոսն է զբաղված լինելու:
Գիշերային ժամերի արգելքը հանելու ժամկետներ դեռ պարզ չեն. ավելի վաղ ասվել էր, որ քննարկվում է «պարետային ժամը» հանելու կամ ժամերը երկարաձգելու հարցը, սակայն որոշում դեռ չկա: Հիշեցնենք` Վրաստանում 21:00-05:00 հատվածում դրսում ոտքով ու մեքենայով տեղաշարժի համար տուգանքը 2000 լարի է (մոտ 600 դոլար):