Վրաստանյան ընդդիմության առաջնորդները «Վրացական երազանքին» մեղադրում են Եվրամիության միջնորդությամբ սկսված բանակցությունները տապալելու մեջ:
«Ստրատեգիա Աղմաշենեբելի» կուսակցության ղեկավար Գիորգի Վաշաձեն ասել է, որ «իշխանությունը ոչ ադեկվատ է ընկալում երկրի ճգնաժամային դրությունը», իսկ ընդդիմության դեպքում բոլոր մոտեցումները տրամաբանական ու կոնսոլիդացված են: Վաշաձեն ցավում է, որ բազում ժամերի աշխատանքի արդյունքում չեն կարողացել ցույց տալ «բարձր կուլտուրա ու եվրոպական ստանդարտ». ըստ նրա` ողջ մեղավորությունն իշխանությանն է, ու արևմուտքը հերթական անգամ տեսավ` ում հետ գործ ունի:
Ըստ «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդներից մեկի` Գիգա Բոկերիայի` «ամենադժվարը քաղբանտարկյալների ու արտահերթի հետ կապված հարցերն էին, ու տպավորություն էր, որ իշխանական կողմին ուղղակի արգելված է այդ երկու թեմայով խոսելը»: Նա վերահաստատել է, որ ընդդիմության ծրագրերն անփոփոխ են, բողոքի ակցիաներ կշարունակվեն:
Իշխանությանն ուղիղ մեղադրում է նաև «Գիրչի. Ավելի շատ ազատություն» կուսակցության ղեկավար Զուրաբ Ջափարիձեն. քաղաքական գործիչը գտնում է, որ բանակցությունների տապալման հետ ընդդիմությունը որևէ կապ չունի: Հարցը նույնիսկ չի հասել ընդդիմության դիրքորոշման քննարկմանը: Իշխանությունը փորձել է փաստաթուղթ սարքել, որը միայն իր սրտով է, դա տեղի չի ունեցել: Մի քանի փորձ է եղել, բայց իշխող թիմը որևէ կոմպրոմիսի չի գնացել: