Տեսանյութ. Վրաստանում եկեղեցին հրաժարվում է պատվաստման քարոզ անել

  Վրաց ուղղափառ եկեղեցին պատրաստ չէ ներգրավվել Քովիդ-19-ի դեմ պատվաստման տեղեկատվական արշավում:

Պատրիարքարանի` հանրային կապերի ծառայության ղեկավար Անդրիա Ջագմաիձեն ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եկեղեցին չի կարող իր վրա պատասխանատվություն վերցնել` պատվաստման արշավի համար, քանի որ դա առողջապահության ոլորտի պարտականությունն ու պատասխանատվությունն է»:

Նա նաև հիշեցրել է, որ իրենք շարունակում  են առաջնորդվել սինոդի` փետրվարի 11-ի որոշմամբ, որով «ողջունվում է այն փաստը, որ պատվաստումը ինքնակամ է, ոչ թե ստիպողական, հատկապես հիմա, երբ պատվաստանյութը նոր է ստեղծվել, ու դրա մասին տարբեր երկրների առողջապահության ներկայացուցիչները տարբեր կարծիք ունեն»:

Հիշեցնենք` նախօրեին երկրի վարակաբաններն աջակցություն էին խնդրել եկեղեցուց` հորդորելով «կանգնել իրենց կողքին»:  Պետությունը տեղեկատվական արշավ է սկսել` «Պատվաստանյութը պաշտպանում է» խորագրով. բնակչությանը կոչ են անում պատվաստվել` վստահեցնելով, որ մասսայական պատվաստումը կանգնեցնելու է պանդեմիան, իսկ 1.5 միլիոն մարդու պատվաստման դեպքում երկիրը կվերադառնա նախկին ռիթմին:

 Ըստ պատվաստման ծրագրի` 2021-ին Վրաստանում նախատեսվում է  պատվաստել մեծահասակ բնակչության 65 %-ին, կամ  1,6 մլն. մարդ` այլապես երկրում կորոնավիրուսի դեմ պայքարն անարդյունավետ կլինի` գտնում են ոլորտի պատասխանատուները: