Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեի խոսքով՝ ընթանում են քննարկումներ և հնարավոր է նախատեսվածից ավելի շուտ իրականացվի ուսուցիչների և մանկապարտեզների դաստիարակների պատվաստումը:
Այս մասին Գամկղրելիձեն հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնում անցկացվող բաց եթերներից մեկի ժամանակ, որտեղ վարակաբանները պատասխանում են հանրության հարցերին:
Հարցին, թե երբ են պատվաստվելու ուսուցիչները, Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների բաժնի ղեկավար Խաթունա Զախաշվիլին պատասխանել է, որ ուսուցիչները անպայման պատվաստվելու են, ինչը ըստ Վրաստանի պատվաստվման ծրագրի նախատեսվում է երրորդ փուլում:
Ամիրան Գամկղրելիձեն վերջում հավելել է, որ քննարկում է տեղի ունեցել, որ ուսուցիչների և մանկապարտեզների դաստիարակների պատվաստումը տեղափոխվի առաջին փուլ:
Հիշեցնենք՝ Վրաստանում «Աստրազենեկա» տեսակի պատվաստանյութով սկսվել է բնակչության պատվաստումը: Առաջին փուլում կամավորության սկզբունքով պատվաստվում են բուժաշխատողները: