1 տարի փակ սահմաններով. Վրաստանի կառավարությունը դեռ չի պատրաստվում բացել ցամաքային սահմանները

2020 թվականի մարտի սկզբից Վրաստանում կորոնավիրուսի մի քանի դեպք հաստատվելուց հետո կառավարությունը երկրում որոշ սահմանափակումներ մտցրեց՝ կորոնավիուսի տարածման կանխարգելման նպատակով: 

Նախորդ տարվա մարտի 14-ից Վրաստանը ցամաքային սահմանը փակեց Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի հետ, մարտի 16-ից՝ Ռուսաստանի հետ: Մարտի 18-ից ամբողջությամբ արգելվեց օտարերկրյա քաղաքացիներին հատել Վրաստանի սահմանը, ինչպես նաև Վրաստանի քաղաքացիներին արգելվեց լքել երկրի տարածքը:

Վրաստանի կառավարության աշխատակազմից «Ալիք Մեդիային» հայտնեցին, որ այս փուլում, Վրաստանի ինչպես ցամաքային, այնպես էլ օդային սահմանները բաց են Թուրքիայի ուղղությամբ: Թուրքիա մեկնող քաղաքացիները պարտավոր են մեկնելուց առաջ լրացնել հատուկ անկետա: Ինչ վերաբերում է մյուս հարևանների հետ ցամաքային սահմաններին, կառավարությունը նոր որոշում չի ընդունել և դրանք կշարունակեն քաղաքացիների համար փակ մնալ:

«Երկրի ցամաքային սահմանների վերաբերյալ գործող ռեժիմը դեռ կմնա ուժի մեջ, այս մասին որևէ նոր որոշում չի ընդունվել և ամեն ինչ կախված է համաճարակային իրավիճակից»,- մեզ հետ զրույցում նշեցին կառավարությունից:

Հիշեցնենք, որ Վրաստանի քաղաքացիները երկրի տարածքը լքելու համար պետք է կառավարությունից ստանան հատուկ թույլտվություն: Ինչ վերաբերում է այլ երկրի քաղաքացիների Վրաստան մուտք գործելուն, ապա մի շարք երկրների, այդ թվում Հայաստանի քաղաքացիները երկիր կարող են մուտք գործել օդային ճանապարհով` ՊՇՌ թեստի բացասական պատասխանի առկայության դեպքում:

Այս հրապարակումը ստեղծվել է ԵՄ-ի աջակցությամբ: Նյութի բովանդակության համար ամբողջովին պատասխանատու է Ալիք Մեդիան, այն կարող է չհամընկնել ԵՄ֊ի հայացքների հետ։