Վրաստանը ստացել է 43,2 հազար դոզա պատվաստանյութ, և մարտի 15-ից երկրում մեկնարկում է կորոնավիրուսի դեմ պատվաստման առաջին փուլը:
«AstraZeneca» տեսակի շվեդա-բրիտանական պատվաստանյութն առաջինը հասանելի է դառնալու բուժաշխատողներին, լինելու է ըստ ցանկության: Ըստ առողջապահության նախարարության` ներկայումս բազայում գրանցված է 64 051 մարդ, որոնցից 54 հազարը ենթակա է պատվաստման: Բուժաշխատողներն արդեն գրանցվում են հատուկ հարթակում ու ընտրում պատվաստման տեղն ու ժամանակը:
Երկուշաբթի օրվանից պատվաստման գործընթացը սկսվում է 29 կենտրոնում. Թբիլիսում 10 կաբինետ կգործի, Քութայիսիում ու Բաթումիում` 4-ական, Ռուսթավիում ու Զուգդիդիում` 2-ական, մնացած շրջկենտրոններում` 1-ական: Մարտի 17-ից պատվաստվել հնարավոր կլինի ևս 35 կենտրոնում, 19-ից կավելանա ևս 23-ը: Ըստ նախարարության` աշխարհագրական հասանելիությունը առավելագույնի է հասցվելու, որպեսզի 42,300 չափաբաժինը կարճ ժամկետներում իրացվի:
Պատվաստվողին տրվելու է հաստատող փաստաթուղթ, որում նշվելու է երբ ու որ պատվաստանյութն է ընդունել: Տեղեկանքը լինելու է երկլեզու, կնքված: Պատվաստող բրիգադը կազմված կլինի 3 անձից` պատվաստող բժիշկ, բժիշկ, որ պատվաստվողին հարցեր է տալու` առողջության մասին գրանցող, ով տվյալները ներբեռնելու է համակարգ:
Նախատեսվում է այս տարի երկրում պատվաստել 1,7 միլիոն մարդու` կրկնակի: Սա 3,4 միլիոն չափաբաժին է: Մնացած չափաբաժինը ստանալու համար աշխատանք է տարվում: Բուժաշխատողներից հետո պատվաստման հերթում կլինեն ծերանոցներում բնակվողներն ու նրանց խնամքով զբաղվողները: 3-րդ փուլը կվերաբերի 75-ն անց քաղաքացիներին:
Կարդացեք նաև`
Տեսանյութ. Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին խմբաքանակը Վրաստանում է