Դատարանը դատախազությանը թույլ է տվել «Պիրվելի» հեռուստաընկերության նյութերը վերցնել: Այս մասին հայտարարություն է տարածել հեռուստաընկերությունը:
Վրաստանի դատախազությունը ավելի վաղ հետաքննություն էր սկսել «Պիրվելի» հեռուստաընկերության հրապարակած ձայնագրության հետ կապված, որտեղ լսվում է գործող վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ու Բերա Իվանիշվիլիի հեռախոսազրույցը՝ մասնավոր զրույցի ապօրինի լսման, ձայնագրման ու տարածման հոդվածով:
Հիշեցնենք, ըստ «Պիրվելի» հեռուստաընկերության` իրենք գաղտնի ձայնագրություն են ստացել, որում Վրաստանի իշխող թիմի ֆորմալ առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի որդի Բերան և Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլին պատվիրում են մի քանի անձանց` այդ թվում անչափահասի պատժել` սոցցանցերում ոչ ցանկալի մեկնաբանություններ թողնելու համար:
Տարածված ձայնագրության վեաբերյալ մեծ արձագանքից հետո Բերան հարցազրույց տվեց Imedi հեռուստաընկերությանը և գրեթե չհերքեց ձայնագրությունների իրական լինելը:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ձայնագրություններից հետո ոչ մի հայտարարություն չի արել: Այսօրվա կառավարության նիստից առաջ նույնպես Ղարիբաշվիլին չանդրադարձավ այդ թեմային: