Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն անդրադարձել է երկրում դիմակ կրելու ցուցանիշին: Ըստ նրա, այն նվազել է մինչև 43%:
Գակմկղրելիձեն գտնում է, որ վերջին չորս օրերի ընթացքում ավելացած դեպքերը կապված են հենց դիմակ չկրելու հետ:
«Թեև դրական արդյունքով թեստերի քանակը վերջին ամիսների ընթացքում նվազման միտում ուներ, սակայն վերջին չորս օրվա ընթացքում դրական թեստերն ավելացել են: Սա կապված է նաև դիմակ չկրելու հետ: Նախկինում 75% էր դիմակ կրելու ցուցանիշը, հետո՝ 66%, հիմա՝ 43%»,- ասել է Գամկղրելիձեն ու կոչ արել քաղաքացիներին դիմակ կրել ու ցուցանիշը հասցնել 95%-ի, որպեսզի առավելապես պաշտպանված միջավայր ստեղծվի:
Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանը 3-րդ ընթերցմամբ ընդունել է վարչական իրավախախտումների օրենսգրքի փոփոխությունների օրինագիծը, որով խստացվում է հանրային վայրերում դիմակ կրելու պահանջն անտեսելու պատիժն ու կրկնապատկվում է երկրորդ անգամ խախտման տուգանքը:
Մինչ այժմ օրենքը 20 լարի (մոտ 6 դոլար) տուգանք էր սահմանում առանց դիմակ հանրային վայրում հայտնվելու համար: Նոր փոփոխություններով` 2-րդ և ավելի խախտման դեպքում քաղաքացին կվճարի 40 լարի:
Կարգավորումներով նաև նախատեսվում է պատժի խստացում` այն կազմակերպությունների նկատմամբ, որտեղ կկրկնվի առանց դիմակի քաղաքացիների մուտքը. սեփականատերը կտուգանվի 1 000 լարիով (ավելի քան 300 դոլար):