Հաշտեցման եւ քաղաքացիական հավասարության հարցերով նախկին պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին հայտարարարել է, որ իր համար խնդիր չէ համագործակցությունն այնպիսի իշխանության հետ, ինչպիսին «Վրացական երազանք»-ն է: Միևնույն ժամանակ նա խոստովանել է, որ կոնկրետ առաջարկ եղել է, որից, սակայն, հրաժարվել է:
«Իմ կողմից սխալ կլինի ասել, թե առաջարկություն չեմ ստացել: Չեմ կարող ասել, թե ումից եմ ստացել այն, սակայն խոսքը բավականին բարձր պաշտոնի մասին էր: Առաջարկը կուսակցությունից հեռանալուց մեկ շաբաթ անց էր, սակայն նրանք չգիտեին, որ ես արդեն հեռացել էի կուսակցությունից»,- հայտարարել է Զաքարեիշվիլին:
Հիշեցնենք` Պաատա Զաքարեիշվիլին խորհրդարանական ընտրությունների առաջին փուլից հետո, երբ պարզ դարձավ, որ «Հանրապետական» կուսակցությունը չի հաղթահարում 5 տոկոսանոց շեմը, հոկտեմբերի 11-ին կուսակցությունից հեռանալու մասին դիմում ներկայացրեց:
Ի դեպ, վերջին օրերի ընթացքում կուսակցության շարքերն արդեն լքել են Դավիթ Ոսուփաշվիլին, Թինաթին Խիդաշելին, Վախթանգ Խմալաձեն, Թենգիզ Շերգելաշվիլին և Ֆրիդոն Սակվարելիձեն: