Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդներից Մամուկա Մդինարաձեն լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Շարլ Միշելի հետ կայացած հանդիպմանն ու ընդդիմություն-իշխանություն բանակցությունների ձևաչափին: Վերջինս խոսել է նաև «Քաղաքացիներ» կուսակցության առաջնորդ Ալեկո Էլիսաշվիլիի հետ ստորագրած համաձայնագրի (կուսակցության երկու անդամի՝ խորհրդարան մտնելու դիմաց, ընտրական բարեփոխումներ իրականացնել, նվազեցնել կուսակցությունների անցողիկ շեմը մինչև 0-3%) մասին, որի արդյունքում այսօր արդեն խորհրդարանի քննարկմանն է հանձնվել ընտրական բարեփոխումների վերաբերյալ նախագիծը:
Ըստ Մդինարաձեի, ընդդիմության հետ քննարկած վեց թեմաներից որևէ մեկը չի վերաբերում արտահերթ խորհրդարանական ընտրություններին, այս հարցը ոչ էլ պատրաստվում են քննարկման դնել: Մդինարաձեն հայտարարել է՝ «միակ տարբերակն այն է, որ ընդդիմությունը ներգրավվի խորհրդարանի հանձնաժողովի քննարկումներին՝ կապված ընտրական բարեփոխումների հետ ու գոնե մեկ տոկոսով զիջի իշխանությանը»:
Իշխող կուսակցության մեկ այլ անդամ Շալվա Պապուաշվիլին էլ հայտարարել է, որ մինչև երեք տոկոս շեմի նվազեցումը կլինի միայն այն դեպքում, եթե որոշակի քանակությամբ ընդդիմադիրներ խորհրդարան մտնեն:
Նշենք, որ նախօրեին Վրաստանի նախագահի նստավայրում ԵԽ միջնորդությամբ ընդդիմություն-իշխանություն ձևաչափով հանդիպում է անցկացվել: Հանդիպմանն, ի դեպ, Վրաստանի նախագահը չի մասնակցել: Հանդիպման ավարտից հետո Շառլ Միշելը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ նա հպարտ է, որովհետև ճիշտ ուղղությամբ կարևոր քայլ է արվել: Նրա խոսքով՝ սա չի նշանակում, որ բոլոր հարցերը լուծվել են, սակայն կարևոր է, որ բոլոր կուսակցությունները կողմ են քաղաքական երկխոսության ուժեղացմանը: