Գազպրոմի դեմ բողոքի նոր ալիք

417872444
Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը մարտի 6-ին պատրաստվում է «Գազպրոմի» դեմ խորհրդանշական ցույց կազմակերպել:

Այս մասին այսօր՝ փետրվարի 24-ին ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է խորհրդարանական փոքրամասնության առաջնորդ Դավիթ Բաքրաձեն:
Բաքրաձեն նշել է, որ վրաց հասարակությունը անհանգստությամբ է հետևում «Գազպրոմի» հետ Վրաստանի հարաբերությունների զարգացմանը:

 «Դրա հիմքում կա մի քանի պատճառ,  պատճառներից մեկն այն է, որ վրացական կողմը այդ հարաբերությունների զարգացումը գաղտնի էր պահում, այդ մասին մենք տեղեկացել ենք միայն ռուսական աղբյուրների հայտարարություններից, երկրորդ պատճառն այն է, որ ամեն անգամ, երբ էներգետիկայի նախարարը փորձում էր հիմնավորել այդ համագործակցության կարևորությունը` նրա փաստարկները հակասում էին միմյանց: Ուզում ենք հստակ հայտարարել, որ հիշում ենք, թե ինչ է նշանակում «Գազպրոմ», չենք մոռացել ցուրտ ու մութ Վրաստանը, բակերում վառվող կրակները և նրանց վրա եռացվող թեյնիկները», — ասել է Բաքրաձեն:
Նրա խոսքերով ` տարիներ առաջ «Ազգային շարժում» կուսակցության ջանքերով Վրաստանն ազատվել էր ռուսական մթից և ցրտից:
«Այսօր կան բոլոր նախապայմանները ենթադրելու, որ այժմյան իշխանությունը ցանկանում է հետ բերել այդ տարիները: Այդ իսկ պատճառով «Ազգային շարժում» կուսակցությունը հասարակության բոլոր այն ներկայացուցիչների հետ, որոնք դեմ են «Գազպրոմ»-ի ամրապնդմանը երկրում և մութ ու ցուրտ տարիների վերադարձին,  կանցկացնի խորհրդանշական բողոքի ցույց, որի նպատակն է լսելի դարձնել մեր ձայնը իշխանությանը և Ռուսաստանին հստակ ասել, որ անցել է «Գազպրոմի» և ռուսական մութ տարիների ժամանակաշրջանը , և Վրաստանը չի հանդուրժի այդ տարիների վերադարձը»,—  հայտարարել է Բաքրաձեն:
Նույն կուսակցության անդամ Սերգո Րատիանին նշել է, որ դա կլինի խաղաղ ցույց, որը տեղի կունենա մարտի 6-ին: Ցուցարարները քայլերթով կշարժվեն Վրաստանի կառավարության շենքից դեպի Ռուսաստանի նախկին դեսպանատան շենք: տեղեկացնում է «Interpressnews»ը:

Թողնել պատասխան