Ընդդիմություն-իշխանություն ձևաչափով հաջորդ հանդիպումը տեղի կունենա երկու շաբաթ անց՝ Բրյուսելում: Կողմերը կարծում են, որ այդ պահի դրությամբ արդեն որոշակի եզրակացությունների պետք է եկած լինեն: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն, ում միջնորդությամբ էլ անցկացվել էր նախօրեի հանդիպումը, հույս է հայտնել, որ երկու շաբաթ անց Բրյուսելում կգնահատեն տարբեր հարցերի շուրջ գոյություն ունեցող պրոգրեսը:
Թեմայի շուրջ հայտարարությամբ են հանդես եկել նաև ընդդիմության ներկայացուցիչները, ովքեր հանդիպմանը մասնակցելու պատրաստակամություն են հայտնել:
«Ստրատեգիա Աղմաշենեբելի» կուսակցության առաջնորդ Գիորգի Վաշաձեն, օրինակ, գտնում է, որ ԵԽ միջնորդությունն աննախադեպ իրադարձություն է, չնայած, չի նշանակում, որ պետք է դադարեցվեն շենքերի արգելափակումներն ու բողոքի ցույցերը, քանի որ դրանք նույնպես նպատակի հասնելու ճանապարհներ են:
Հիշեցնենք, որ նախօրեին Վրաստանի նախագահի նստավայրում ԵԽ միջնորդությամբ ընդդիմություն-իշխանություն ձևաչափով հանդիպում է անցկացվել: Հանդիպմանն, ի դեպ, Վրաստանի նախագահը չի մասնակցել: Հանդիպման ավարտից հետո Շառլ Միշելը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ նա հպարտ է, որովհետև ճիշտ ուղղությամբ կարևոր քայլ է արվել: Նրա խոսքով՝ սա չի նշանակում, որ բոլոր հարցերը լուծվել են, սակայն կարևոր է, որ բոլոր կուսակցությունները կողմ են քաղաքական երկխոսության ուժեղացմանը: