Վրաստանում կորոնավիրուսի 1-ին դեպքից 1 տարի անց. ինչ է արել երկիրը

Մեկ տարի առաջ փետրվարի 26-ին Վրաստանում հաստատվեց նոր տեսակի կորոնավիուսի առաջին դեպքը:

Մեկ  տարվա ընթացքում պետությունն արել է ավելին, քան կարող էր` հաշվի առնելով սեփական ռեսուրսները` վստահ է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն: Ըստ բժշկի` 21-րդ դարում այս մասշտաբի պանդեմիա չէր եղել. Հիվանդությունն աշխարհում ավելի քան 2,5 մլն. մարդու կյանք է խլել:

Սա ոչ սովորական վարակ է` գոնե այն պատճառով, որ ախտահարում է ոչ միայն թոքերն ու շնչառական համակարգն, այլև փաստացի գրեթե բոլոր օրգանները` մնալով  չափազանց անկանխատեսելի հիվանդություն` ասում է մասնագետը: Համարվում է, որ կորոնավիրուսը թեթև են տանում երիտասարդ պացիենտներն ու ուղեկցող հիվանդություններ չունեցողները, սակայն, ըստ Ցերցվաձեի, փորձը ցույց տվեց որ մահվան ելքերը քիչ չէին նաև երիտասարդների դեպքում,  որոնք առողջական ոչ մի խնդիր նախկինում չունեին:

Վրաստանում 7000 մահճակալ է մոբիլիզացվել` քովիդ հիվանդների համար. Ցերցվաձեի գնահատականով` այս քանակության մահճակալ չի ունեցել ոչ մի երկիր, իսկ  Վրաստանում մահացության ցուցանիշն ավելի ցածր է` քան Եվրոպայի 45 երկրում, ու սա ցուցանիշ է, որ երկրում առողջապահական համակարգն արդյունավետ է գործել: 

Վրաստանի համար ամենածանր շրջանը նոյեմբեր-դեկտեմբերն էր. երկրում պիկն էր, օրական մինչև 5000 նոր դեպք էր հաստատվում, շտապ օգնութան բրիգադներն ուշանում էին կանչերից, հիվանդանոցները գերծանրաբեռնված էին, դժվարացել էր հոսպիտալացվելը:

Հիվանդությունից մեկ տարի անց էլ վարակը կանխարգելելու առաջնային պահանջը մնում է դիմակ կրելը:

Վրաստանում հանված է սահմանափակումների մեծ մասը: Պետությունը փորձում է փրկել տնտեսությունը` միաժամանակ խուսափելով վարակի 3-րդ ալիքից:

Պանդեմիայի ողջ ընթացքում Վրաստանում մոտ 270 հազար մարդ հիվանդացել է,  263 հազարն ապաքինվել,  3 475 –ը` մահացել:

Ցերցվաձեի ու գործընկերների մասին`

«3 հրացանակիրներն» օգնեցին Վրաստանին` կորոնավիրուսի դեմ պայքարում. BBC