Վրաստանի ընդդիմադիր կուսակցություններն այսօր Թբիլիսիում մեծամասշտաբ ակցիա կանցկացնեն` «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Նիկա Մելիային ազատ արձակելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու պահանջով:
13:00-ին ակցիայի մասնակիցները կհավաքվեն Թբիլիսիի ֆիլհարմոնիայի շենքի մոտ, այստեղից երթ կսկսեն դեպի խորհրդարանի շենք, որտեղից էլ կտեղափոխվեն կառավարության շենքի մոտ, ուր կհնչեցնեն իրենց պահանջները: Հայտնի է, որ ակցիային միանալու են ընդդիմադիրներ երկրի տարբեր շրջաններից: Լուսադեմին արդեն Թբիլիսի են հասել քաղակտիվիստներ` Թելավիից ու Զուգդիդիից, միացել փետրվարի 23-ից Ռուսթավելի պողոտայում վրաններում գիշերող ցուցարարներին, ավելացրել նոր վրաններ: Ակտիվիստներ են շարժվել նաև Քութայիսիից, Գորիից, այլ քաղաքաներից:
Նախօրեին «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդ Գիգի Ուգուլավան ասել է, որ փետրվարի 26-ի ցույցը լինելու է «անդադար ցույցերի հիմք»։ Ըստ նրա` ընդդիմությունն օգտագործելու է բոլոր օրինական միջոցները` այդ թվում վրաններ է տեղադրելու, շենքեր է շրջափակելու, «ամոթի միջանցքներ» է բացելու իշխանավորների համար:
Հիշեցնենք` երկրի գլխավոր ընդդիմադիր Նիկա Մելիայի ձերբակալությունը մեծ արձագանք է ստացել միջազգային հանրության շրջանում. փաստացի բոլոր միջազգային կազմակերպությունները կոչ են արել Վրաստանի իշխանությանն ու ընդդիմությանը` վերադառնալ բանակցությունների սեղան: Երկու կողմն էլ հայտնել է բանակցության պատրաստակամության մասին, սակայն դեռևս քայլեր չկան: